Լիբանանից դեպի Հայաստան հոսքերում կտրուկ կամ արտառոց աճ չի նկատվում․ ՀՀ ԱԳՆ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի պատկան մարմինների հետ և հետևում է Լիբանանում առկա իրավիճակի հետ կապված զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայ համայնքի բնականոն կենսագործունեության վրա․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Մշտական կապ է պահպանվում համայնքային բոլոր կառույցների հետ։ Ավելի քան մեկ տարի է, ինչ դեսպանության հյուպատոսական բաժինը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ առավելագույնս ծառայություններ մատուցելով թե ՀՀ քաղաքացիներին, թե հայկական ծագում ունեցող Լիբանանի քաղաքացիներին։

Միաժամանակ, ընթացիկ պայմաններում դեպի Հայաստան հոսքերում կտրուկ կամ արտառոց աճ չի նկատվում, և լիբանանահայությունը՝ իբրև սահմանադրորեն երկրի բնակչության անբաժանելի մաս, հավասարապես կիսում է Լիբանանի ներկայիս դժվարությունները՝ իրավիճակի մոտալուտ բարելավման հույսով»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Լիբանանում այս օրերին մոլեգնում է Էներգետիկ ճգնաժամը, որի արդյունքում հոսանքազրկվում են այդ թվում՝ հիվանդանոցները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ջրի պակասի և բժշկական ծառայությունների բացակայության պատճառով երկիրը կարող է առերեսվել մարդասիրական աղետի։

Լիբանանում տիրող իրավիճակը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացրել է Բեյրութում բնակվող Հովիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Լիբանանում արտագաղթի միտումներ են նկատվում։ Լիբանանահայերի համար էլ «Հայաստանն իր գոյությամբ մեծ առավելություն է»։