Խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակման որոշումն ընդունվեց

Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից։

«Քննարկվեց Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվեց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել