Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին:

Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:

«Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։ Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված պատասխանում։

Օգոստոսի 19-ին ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Ինչպես հայտնում է ՊՆ-ն, դեպքի հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել