Ապաշրջափակումը պետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. կառավարության ծրագիր

Կառավարության ծրագրում ապաշրջափակմանը նվիրված առանձին ենթաբաժին կա։ Ըստ գործադիրի՝ «ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»: Միաժամանակ շեշտվում է, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:

«Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք»,- ասված է ծրագրում:

Գործադիրում կարծում են, որ տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, «կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը»:

«Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը»,- նշվում է ծրագրում:

Գործադիրը համոզված է, որ «տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար»:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն օգոստոսի 17-ին վերսկսեցին տարածաշրջանային ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։ Այդ մասին հայտնեց Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ այդ ձևաչափով վերջին քննարկումը եղել է 2021-ի ապրիլին, իսկ աշխատանքները դադարել են մայիսից՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով։ Բացի այդ, մեկ այլ հարցման պատասխանով փոխվարչապետի աշխատակազմից ՍիվիլՆեթին տեղեկացրել էին, թե տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Ադրբեջանական կողմն էլ առաջ է քաշում, իրենց բնորոշմամբ, «Մեղրիի միջանցքի հարցը», մինչդեռ պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է, որ միջանցքի մասին խոսք չի գնում, ըստ հայկական կողմի՝ բանակցությունները վերաբերում են ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Եռակողմ հանձնաժողովը ստեղծվել է հունվարի 11-ի՝ ​​Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել