Սյունիքի միջադեպի առնչությամբ մամուլում կեղծ տեղեկություններ են շրջանառվում. ՊՆ

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։

Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ «օգոստոսի 19-ին ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով»։

Մեկնաբանել