Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք և 11 մահ

Հայաստանում օգոստոսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 216 մարդ, գրանցվել՝ 11 մահվան դեպք:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, օգոստոսի 18-ին կատարվել է 7 514 թեստավորում, որից դրական է ախտորոշվել 7,4 տոկոսը:

Օգոստոսի 19-ին Հայաստանում գրանցվել է ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ը՝ առողջացած, 4 727-ը՝ մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1141 է», – ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։ Ըստ այդմ, ՀՀ բնակչության շուրջ 2,6 տոկոսն է անցել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում: Այդ ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում:

Միևնույն ժամանակ այլ է իրավիճակը կորոնավիրուսային վարակի տարածվածության մասշտաբով:Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 236 234 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 496 376 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 377 304 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 138 452 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 556 417 դեպքով:

Մեկնաբանել