Կառավարությունը Սփյուռքը որպես «համահայկական խնդիրները լուծելու գործիք» չի դիտարկում

Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրի Անվտանգություն և արտաքին քաղաքականություն գլխի առանձին ենթագլուխ վերաբերում է Սփյուռքի հետ կապերին։

Կառավարությունը նշում է, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:

  • Կառավարությունը սփյուռքի համայնքները չի դիտարկում որպես հայաստանյան և համահայկական խնդիրները լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների և դրանց լուծմանն ուղղված օրակարգերի ձևավորման գործուն մասնակից: Կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը սփյուռքի կառույցների և անհատների հետ: Սփյուռքի համայնքների հետ աշխատանքներում Կառավարությունը սերտորեն համագործակցելու է հայկական համայնքներ ունեցող երկրների կառավարությունների հետ:
  • Կառավարությունը շարունակելու է իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-սփյուռք գործակցությունից և մշակելու է հասցեական քաղաքականություն:
  • Հայաստանի կյանքին առավել հաղորդակից, կապված և այդ կյանքում ներգրավված սփյուռք, ավելի շատ հայրենադարձ երիտասարդություն ունենալու նպատակով Կառավարությունը շարունակելու է մշակվել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։
  • Նախատեսվում է մշակել և իրագործել գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման ու զարգացման քաղաքականություններ և ծրագրեր։
  • Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով նախատեսվում է շարունակել սփյուռքահայերի՝ հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելը դյուրացնելու գործընթացը։
  • Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները, կազմակերպել արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և լրացուցիչ ուսումնական ծրագրերում:
  • Նախատեսվում է սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն վարել՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։ Սփյուռքում նախատեսվում է իրականացնել կրթական գործընթացի բարելավում և արդիականացում, կազմակերպել մանկապատանեկան և երիտասարդական համահայկական կրթական և մշակութային միջոցառումներ:
  • Քայլեր են ձեռնարկվելու՝ շարունակաբար նպաստելու սփյուռքում մանկավարժական և համայնքային կադրային բազայի (մասնագիտական հենքի) ձևավորմանը, ուսուցչական կազմի կարողությունների հզորացմանը:
  • Ընդլայնվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով:

Մեկնաբանել