Կառավարությունը նախատեսում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ

Կառավարությունը նախատեսում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ․ այս մասին ասված է կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրում։

Նշվում է, որ առողջապահության ոլորտի զարգացումը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը:

«Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներառելու է արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթը:

Համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ կընդգրկվեն նաև պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդրվելու են բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմներ, որոնց շնորհիվ կբարելավվեն նաև առողջապահական ցուցանիշները: Կառավարությունը նպատակադրվել է մասնավոր ծախսերի տեսակարար կշիռը ընդհանուր առողջապահական ծախսերում նվազեցնել 40%-ով»,- նշվում է ծրագրում։

Մեկնաբանել