Սյունիքում երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021-ի օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց ծառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: