Կառավարության ծրագրում Արցախի հարցում վտանգավոր նախանշաններ կան

Օգոստոսի 18֊ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին և ներկայացրել այն Ազգային ժողովին: Egov.am կայքում հրապարակվել է կառավարության 2021-26 թթ․ հնգամյա ծրագրի նախագիծը: Ծրագրի՝ Արցախյան հիմնահարցին առնչվող հատվածներում մի քանի ուշագրավ դրվագներ կան, որոնք վտանգավոր միտումների նախանշաններ կարող են լինել:

Կառավարության ծրագրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ձևակերպումների մեջ հստակություն չկա: Տեքստի այդ հատվածներում օգտագործված եզրույթները կարծես նպատակաուղղված կերպով լղոզված են, որպեսզի ապագայում դրանց տարատեսակ մեկնաբանման հնարավորություն լինի: Այսպես, ծրագրի նախաբանում և «ԵԱՀԿ Մինսկի խումբ» ենթաբաժնում հակամարտության կարգավորման համատեքստում օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արադարացի լուծում» եզրույթը, որը չի պարունակում կոնկրետություն:

Հակամարտության արդարացի հանգուցալուծման վերաբերյալ պատկերացումները խիստ սուբյեկտիվ են: Հակամարտության կողմերի, միջնորդ երկրների և նույնիսկ ներհայաստանյան տարբեր խմբերի մոտ կարող են բազմաթիվ ու տարբերվող տեսլականներ լինել խնդրի արդարացի լուծման վերաբերյալ: Ծրագրում պետք է ներկայացված լինեն կառավարության հստակ դիրքորոշումներն ու անելիքները ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարային այս հարցում:

Արցախյան հիմնահարցի հանգուցալուծման ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հստակ ձևակերպումներ չկան նաև ծրագրի նախագծի այլ հատվածներում: Այսպես, «Արտաքին քաղաքականություն» բաժնի նախաբանում նշվում է, որ «Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»: «Ղարաբաղյան հիմնախնդիր» ենթաբաժնում ևս օգտագործվում է «հայտնի սկզբունքներ ու տարրեր» եզրույթը: Այս հատվածում, մասնավորապես նշվում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Ի դեպ, սա ողջ տեքստի մեջ ինքնորոշման իրավունքի միակ հիշատակումն է: Ինչպես երևում է, այդ սկզբունքը կենտրոնական տեղ չի զբաղեցնում ծրագրի նախագծի այս հատվածներում:

Կառավարության ծրագրի նախագծում «հայտնի սկզբունքներ ու տարրեր» ձևակերպումը փոխառվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության տեքստից: Այդ հայտարարության մեջ համանախագահները նշել էին, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա»: Համանախագահները, օգտագործելով այս ձևակերպումը, նկատի էին ունեցել կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք ավելի հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանմամբ, և այս կամ այն տեսքով բանակցային սեղանին էին 2007-ից: Այդ հայտարարության մեջ համանախագահների կողմից «Մադրիդյան սկզբունքներ» եզրույթի փոխարեն «կողմերին լավ հայտնի սկզբունքներ ու տարրեր» ձևակերպումի օգտագործումը նպատակ էր հետապնդում փոքր-ինչ մեղմել տեքստի տոնը` հստակությունից խուսափելու ու Ադրբեջանին չգրգռելու համար: Այդ հայտարարությունը, սակայն, ընդհանուր առմամբ բխում էր հայկական կողմերի շահերից, քանի որ ժխտում էր հակամարտության կարգավորված լինելու մասին Ալիևի պնդումները և անուղղակիորեն շեշտում էր Արցախի կարգավիճակի հարցի լուծման անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, վերոնշյալ տեքստը միջնորդ երկրներին բնորոշ չեզոք ու ոչ հստակ ձևակերպումներով էր կազմված: Այդ առումով անհասկանալի է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները որոշել կառավարության ծրագրի մեջ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներն ու բառամթերքը:

Կառավարության ծրագրում Արցախյան հիմնահարցի հետ կապված հատվածները ավելի հետաքրքրական են դառնում, եթե դրանք համեմատում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նույն հատվածների հետ: Նախ, ակնհայտ է, որ կառավարության ծրագրի նախագծի Արցախյան հիմնահարցին նվիրված բաժինը «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի նույն հատվածի խմբագրված ու փոփոխված տարբերակն է: Այդ առումով տեքստի մեջ մտցված փոփոխությունները կառավարության նպատակների, մտավախությունների ու ծրագրերի կարևոր ցուցիչներ են:

Առաջին լուրջ տարբերությունը, որը նկատվում է երկու տեքստերի միջև, Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման իրավունքի վրա դրված շեշտադրումներն են: Ինչպես արդեն նշեցի, կառավարության այս նոր ծրագրի նախագծի մեջ Արցախի ինքնորոշման իրավունքը միայն մեկ անգամ է հիշատակվում, այն էլ հպանցիկ: «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում այդ հարցին շատ ավելի ծավալուն անդրադարձ կա և այն տվյալ հատվածում կենտրոնական կետերից է: Արցախի ինքնորոշման ու կարգավիճակի հարցի վերաբերյալ կետում, մասնավորապես, նշված էր.

«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»:

Այս երկու տեքստերի միջև մյուս ուշագրավ տարբերությունը 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքների վերաբերյալ կետի առկայությունն ու բացակայությունն է: «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում այս հարցի վերաբերյալ հատուկ կետ կար, որում նշվում էր.

«Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:

Ի դեպ, այս կետում օգտագործված «այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը» ձևակերպումը մշակվել է ԼՂՀ ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից հետպատերազմյան շրջանում և օգտագործվում է, որպեսզի դիվանագիտորեն նշվի, որ հայկական կողմերը հավակնություններ չունեն Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ԼՂՀ վերահսկողության տակ անցած նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների նկատմամբ:

Կառավարության ծրագրի նախագծում խոսք չկա 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած Լեռնային Ղարաբաղի որևէ բնակավայրի դեօկուպացիայի օրակարգի մասին: Սա բավական խնդրահարույց մոտեցում է, քանի որ իշխող ուժը այս հարցում ընտրություններին մասնակցել է մեկ օրակարգով, իսկ հետընտրական փուլում առաջ է շարժվում այլ օրակարգով, ինչը այս քաղաքական թիմին բնորոշ պոպուլիզմի հերթական դրսևորումն է: Եթե Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ բնակավայրերի դեօկուպացիայի խնդիրը կառավարության ծրագրի մեջ տեղ չի գտել, քանի որ դա անիրատեսական է համարվել, ապա ինչու՞ էր այդպիսի կետ մտցվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ: Սա հասարակությանը մանիպուլացնելու և ընտրողների հույզերի հետ խաղալու դասական օրինակ է:

Հայաստանի իշխանությունները, կառավարության ծրագրի նախագծում Արցախյան հիմնահարցին վերաբերող լղոզված ու ոչ հստակ ձևակերպումներով, ինչպես նաև նախընտրական դիրքորոշումներից հրաժարվելով, թերևս նպատակ ունեն ապահովագրվել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի համար հնարավոր անցանկալի ու անկանխատեսելի զարգացումներից ու վերոնշյալ հարցերում առաջընթացի բացակայությունից` խուսափելով այդ ամենի համար քաղաքական պատասխանատվությունից:

Մի քանի ամսվա կտրվածքում իշխանությունների հռետորաբանության ու մոտեցումների մեջ այսպիսի լուրջ փոփոխությունները վկայում են առնվազն այն մասին, որ այս կառավարությունը մինչ այժմ այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե որոնք են Հայաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Ադրբեջանի ագրեսիվ ու նախաձեռնողական քաղաքականության ֆոնին այս հանգամանքը խիստ մտահոգիչ է:

Մեկնաբանել