Ինչ է ասում կառավարության ծրագիրը Թուրքիայի հետ հարաբերությունների և Ցեղասպանության մասին

«Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»․ այս մասին ասված է ՀՀ կառավարության՝ 2021-26 թվականների ծրագրում։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։

Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»,- նշում է գործադիրը։

Ցեղասպանությանը վերաբերող հատվածում շեշտվում է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից՝էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»,- նշված է կառավարության ծրագրում։

Մեկնաբանել