Կորոնավիրուսի թվերն աճում են․ մեկ օրում՝ 508 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 293 մարդ, գրանցվել է մահվան 5 դեպք:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, նախօրեին կատարվել է 7 864 թեստավորում, որոնցից դրական է ախտորոշվել 6,4 տոկոսը:

Մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 236 742 դեպք․ 223 736-ը` առողջացած, 4 732-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է», – ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։ Ըստ այդմ, ՀՀ բնակչության շուրջ 2,6 տոկոսն է անցել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում: Այդ ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում:

Միևնույն ժամանակ, այլ է իրավիճակը կորոնավիրուսային վարակի տարածվածության մասշտաբով: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 236 742 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 501 297 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 380 918 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 157 772 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 587 683 դեպքով: