Զինված ուժերի կառուցվածքում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի վարչություն

Զինված ուժերում իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ։ Կառավարության որոշմամբ նախատեսում է ստեղծել զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչություն՝ ավիացիայի վարչության բաժանման միջոցով։

Բացի այդ, ձևավորվում է տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվում է, որ «զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա»։

Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է «2020-ի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ»։

«Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը»,- նշվում է իրավական փաստաթղթում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել