Պոլիկլինիկայի բժիշկը առանց կորոնավիրուսի դեմ պատվաստելու սերտիֆիկատ է տրամադրել քաղաքացուն․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ պոլիկլինիկայի բժիշկը ապօրինի վարձատրության դիմաց առանց պատվաստելու կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ է տրամադրել քաղաքացուն։

«Հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետև երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ ևս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրև պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու և պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել և օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

«Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաև այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը»,- հայտնում են ծառայությունից։