Երեք զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է երեք զինծառայողի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորվել էր։

Կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել