Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի պետական դրոշի օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը։
«Օգոստոսի 22-ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օրը, այդ տոնը կոչված է համախմբելու բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր թանկ են գնահատում իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,- անձնակազմին դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են խաղաղապահ զորակազմի զինծառայողներ և կամավորներ:
«Այսօր առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման կետի տարածքում տեղի է ունեցել տոնական միջոցառման անցկացում՝ նվիրված ռուսական դրոշի օրվան։ Ռուսաստանից բերվել է ռուսական 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվել է ողջ անձնակազմին»,- ասել է Օլեգ Եգորովը։
Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի՝ հանդիսավոր երթով ցուցադրությամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ։