Համահայկական գաղափարահավաքի ժամանակը, կամ ինչպես կերտել Արցախի ապագան

Ստեփանակերտում լայն թափով շարունակվում են բնակարանների նորոգման աշխատանքները, նույնիսկ երաշտի հետ կապված ջրային ճգնաժամը խոչընդոտ չէ․ փոխում են տանիքները, լուսամուտները, «մարդիկ եվրառեմոնտ ըն անում»։

Շարունակվում է բնակելի թաղամասի կառուցումն Արցախի մայրաքաղաքում, իսկ Դահրավ գյուղի մոտակայքում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում նոր բնակավայր է կառուցվում։ Շիննորոգման աշխատանքներ են տարվում նաև այլ բնակավայրերում։

Ու այս ամենը՝ քաղաքական ու համընդհանուր անորոշության պայմաններում։ Հանրության վերաբերմունքը երկակի է այս ամենին։ Մի կողմից՝ գոհունակություն, մյուս կողմից՝ մտահոգություն։ Մարդիկ ասում են՝ աննախադեպ մեծ գումարներ են մտնում Արցախ, ու միգուցե ավելի ճիշտ կլիներ դրանք նպատակաուղղել անվտանգության համակարգի արդիականացմանը, քանի որ հայտնի չէ, թե վաղն ինչ նոր մարտահրավերներ կլինեն։ Շատերի կարծիքով՝ այդ գումարներն առաջնահերթ պիտի ուղղվեն քաղաքացիական պաշտպանության ոլորտ։

…Հընթացս իրար հերթ չեն տալիս նշանդրեքներն ու հարսանիքները։ Ինչպես կատակեց ծանոթներիցս մեկը՝ «թամադաները քչություն են անում»։ Այո, երբեմն հրավիրում են նաև Երևանից։ Որպես կանոն՝ առանց կենդանի երաժշտության, հնարավորինս զուսպ։ Թեև կյանքն իրենն է վերցնում, ու արդեն եղել են մի քանի մարդաշատ հարսանիքներ՝ երաժիշտների մասնակցությամբ։ Ոմանք էլ՝ ունևորներից, ելքը վաղուց են գտել՝ Երևանում են անում նշանդրեք ու հարսանիք։

Ինչպե՞ս վերաբերվել այս ամենին։ Ոմանք խոսում են ինքնապահպանման բնազդի որոշակի բթացման, ուրիշներն էլ՝ ահավոր ողբերգությունից հետո օրվա կյանքով ապրելու, յուրաքանչյուր օր որպես վերջինն ապրելու վախվորած ցանկության մասին։

Ինչպիսին էլ լինի արցախցիների նկատմամբ վերաբերմունքը, կարծում եմ, որ հասկացողն ամեն դեպքում սրտացավությամբ կվերաբերվի այս ամենին։ Որովհետև այդ նույն նշանդրեք-հարսանիքներում սեղանապետերը յուրաքանչյուր փոքրիշատե հարմար առիթով հիշում են մեր սուրբ նահատակներին, անփորձանք ծառայություն ու արևշատություն մաղթում սահմանները հսկող մեր զինվորներին, իսկ որոշ կենացներ էլ ուղղակի բարոյախրատական ու հայրենասիրական-հայրենատիրական հռետորությամբ են լեցուն լինում։ Ու մարդիկ խմում են ուրախությամբ ու տխրությամբ լեցուն բաժակները։ Ահա այսպիսի տխուր կամ կիսատխուր ուրախություններ… Թեկուզ, ինչպես արցախցիներն են ասում, «ամեն ձևի էլ մարդ կա, մարդ կա՝ վեջն էլ չի»…

Սակայն Արցախի այսօրվա խորհրդանիշը ոչ լայնածավալ շինարարությունն է, ոչ էլ՝ ուրախ-տխուր նշանդրեքներն ու հարսանիքները, այլ անորոշությունը, հոգու ու մտքի վրա ծանրացած անորոշությունը, թանձր մառախուղի պես մեզ պարուրած անորոշությունը, մեր հոգու քաշաթուխպը։

Կարելի է հասկանալ յուրաքանչյուր օր որպես վերջինն ապրելու կամ հնարավորինս շատ բան հասցնելու՝ մարդկանց բնազդային մղումը։ Մարդիկ չգիտեն, թե վաղն ինչ է լինելու, ինչպիսին է լինելու իրենց ու երկրի ապագան։ Ու նրանց կարելի է հասկանալ։ Բայց ահա դժվար է հասկանալ իշխանություններին՝ Արցախի ու Հայաստանի։ Ի տարբերություն շարքային մարդկանց՝ նրանք կարող են ու պարտավոր են անորոշության մշուշը գոնե մասամբ ցրել կամ իմանալ, թե ինչպես ցրել։

Օրինակ, նորերս հրապարակվել է Հայաստանի կառավարության 2021-26թթ․ հնգամյա ծրագրի նախագիծը։ ՍիվիլՆեթը հանգամանորեն անդրադարձել է կառավարության ծրագրի նախագծում Արցախի հարցին առնչվող կետերին և վտանգավոր միտումներ փաստել։

ՍիվիլՆեթի հեղինակը [տե՛ս Տիգրան Գրիգորյանի սյունակը] ծրագիրը համեմատել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հետ և նկատել սկզբունքային տարբերություններ, օրինակ, որ «անջատում հանուն փրկության» ձևակերպումը կառավարության ծրագրում չկա, խոսք չկա նաև բուն ԼՂԻՄ-ի տարածքների դեօկուպացիայի մասին։ Ըստ հոդվածագրի՝ մի քանի ամսվա կտրվածքով իշխանությունների հռետորաբանության ու մոտեցումների մեջ այսպիսի լուրջ փոփոխությունները վկայում են առնվազն այն մասին, որ կառավարությունը մինչ այժմ այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե որոնք են Հայաստանի ռազմավարական նպատակներն արցախյան հակամարտության համատեքստում:

Արցախի իշխանություների ասածներում էլ ընդհանրապես որոշակիություն չկա։ Դրանց լեյտմոտիվը հետևյալն է՝ մե՛նք պիտի կերտենք մեր ապագան։ Թե ինչպես կերտել և ինչ ապագա՝ հայտնի չէ։ Հայտնի երգի հանգույն՝ «ճամփեն պիտի չիմանա, թե ուր կերթամ ես»։ Բայց դու պիտի՞ իմանաս…

Արցախյան այսօրվա իրողությունների պայմաններում, ինչ խոսք, դժվար է ապագային միտված հստակ ու կտրուկ քայլեր անել, բայց հո կարելի՞ է տեսլական ունենալ, հանրային քննարկման դնել այն, հանրային օրակարգ ձևավորել դրա շուրջ։

Մի կողմ դնենք քաղաքական օրակարգը։ Այսօր տնտեսական օրակարգի հստակեցման խնդիր կա։ Տնտեսական զարգացման ի՞նչ մոդել է մեզ համար ընդունելի, ո՞րն է մոդելներից ամենաարդյունավետը։ Շատ բան է փոխվել 44-օրյա պատերազմից հետո, կորցրել ենք մեր հիմնական հողահանդակներն ու այգիները, արոտավայրերն ու ջրային ռեսուրսները։ Այս պայմաններում զարգացման ի՞նչ ուղի ենք ընտրելու, խորհրդակցու՞մ ենք մասնագետների հետ, ուսումնասիրո՞ւմ ենք այլ երկրների այսօրինակ փորձը։ Իմ կարճ խելքով՝ միակ արդյունավետ ուղին գիտահեն տնտեսությունն է։ Ու համահայկական ներուժ կա դրա համար։ Ժամանակը չէ՞ Արցախի համար հերթական համահայկական դրամահավաքի փոխարեն կամ դրան զուգահեռ համահայկական գաղափարահավաք անցկացնել։

…Անգամ արհավիրքից հետո արցախցիների լավատեսությունը դեռ չի մարել, իսկ դա այն հենքն է, որի վրա կարելի է կառուցել ապագան։ Այս առումով ինձ շատ խորհրդանշական թվաց ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Հայրապետյանի գրառման այս դիտարկումը. «Կա երեք փաստ, որ այս օրերին ամենաշատն է հույս ներշնչում, երեք հակասական իրականություն, որոնք անձայն աղաղակում են արցախցու ապագայի պլանների մասին՝ մայրանալու սպասումով կանանց մեծ թիվը, Հայաստանից Արցախ տեղափոխվող հանգուցյալների վերահուղարկավորությունները, աշնանացանին պատրաստվող ՀՈՂԸ»։