Ռուսաստանը սառեցնում է ղարաբաղյան հակամարտությունը. Ֆելգենգաուեր

Ռուսաստանի ռազմավարությունը ուղղված է ղարաբաղյան հակամարտության սառեցմանը, կարծում է ռուսաստանցի ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենգաուերը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Ֆելգենգաուրեը նշում է, որ Ռուսաստանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների սրման պատճառով Ադրբեջանի հետ ուղղակի դիմակայության մեջ մտնելու ցանկություն չունի: Նույնիսկ ցանկության դեպքում, կարծում է նա, Հարավային Կովկասում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ այն կենտրոնացնում է իր հիմնական ուժերը Կենտրոնական Ասիայից և արևմուտքից բխող սպառնալիքներին դիմակայելու համար: Այդ կապակցությամբ Ռուսաստանի ռազմավարությունը ուղղված է ղարաբաղյան հակամարտության սառեցմանը՝ առաջին հերթին ձգտելով պահպանել հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ֆելգենգաուերի խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանը ջանում է թույլ չտալ նոր պատերազմ տարածաշրջանում, հատկապես, եթե դրանում կարող է ներքաշվել իր դաշնակից Հայաստանը: «Ռուսաստանն այդ պարագայում պետք է խառնվի, սակայն Մոսկվան ընդհանրապես նման ցանկություն չունի: Մյուս կողմից, Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են: Մոսկվան Ղարաբաղում տեղայակել է խաղաղապահներին և, կարծես, այնտեղից հեռանալու ցանկություն չունի, սակայն Ադրբեջանի հետ էլ հակամարտության մեջ մտնելու նպատակ ու ցանկություն չունի,- ընդգծում է ռազական փորձագետը:- Ռուսաստանի շահերը շատ ընդարձակ են: Հարավային Կովկասը դրանց միայն փոքր մասն է: Ռուսաստանն այժմ հետաքրքրված է Կենրոնական Ասիայով Աֆղանստանում իրավիճակի փոփոխմամբ: Մոսկվան այդ տարածաշրջան կարող է ուժեր տեղակայել: Ռուսաստանը 200 հազար անձնակազմի մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում արևմուտքի ուղղությամբ»:

Ըստ այդմ, կարծում է Ֆելգենգաուերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ ներկայիս բավականին խորհրդանշական ռազմական ներկայության մեծացման լուրջ պաշարներ չկան: «Իր խոսքն ասում է նաև լոգիստիկայի բարդությունը: Վրաստանը թույլ չի տալիս ՌԴ-ին իր տարածքով ռազմական նշանակության բեռնափոխադրումներն իրականացնել: Ադրբեջանի տարածքով ևս դժվար է: Բաքուն ինչ-որ բան կարող է թույլատրել փոխադրել, իսկ շատ բաներ, օրինակ՝ ծանր տեխնիկայի և սպառազինության փոխադրումները կարող է և արգելել: Օդային ուղիներով հնարավոր է իրականացնել սպառազինության մատակարարում, սակայն դա շատ ծախսատար է: Ավելին՝ սիրիական հակամարտության հետևանքով ՌԴ-ի ռազմատրանսպորտային ավիացիայի շարժիչները մաշվել են: Այնտեղ շատ լուրջ խնդիրներ են առաջ եկել: Այդ շարժիչներն ուկրաինական են, այժմ դրանք փոխելու հնարավորություն չկա»,- ասում է Ֆելգենգաուերը:

Դժվար է ռազմական նշանակության բեռներ ու ուժեր փոխադրել նաև Իրանի տարածքով Հայաստան: «Այնտեղ ևս շատ են բարդությունները: Ուստի, Հայաստանում տեղակայված ռազմական խմբավորման ուժեղացման հնարավորությունները շատ սահմանափակ են: Ռուսաստանն ամեն կերպ խուսափելու է այս տարածաշրջանում ներքաշվել հակամարտության մեջ՝ փորձելով գործի դնել դիվանագիտությունը»,- ասում է նա:

Ըստ այդմ՝ Ֆելգենգաուերն արկածախնդրական է անվանում Հայաստանի փորձերը Ռուսաստանին ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որպեսզի ՌԴ-ն միանշանակ պաշտպանի Հայաստանի շահերը: «Ռուսաստանը դա չի անի, ամեն կերպ խուսափելու է դրանից, գուցե նաև չի էլ կարող, մեծ հնարավորություններ չունի արձագանքելու այնպես, ինչպես Երևանում կցանկանային տեսնել: Մյուս կողմից դժվար է ասել, թե ինչ կարող է լինել հինգ տարի հետո: Բացառված չէ, որ Ռուսաստանը հերթական անգամ կկորցնի տարածաշրջանի նկատմամբ իր հետաքրքրությունը, ինչպես եղավ 1990-ականների սկզբին, երբ մենք այդ տարածաշրջանից մեծ հաշվով հեռացանք, սակայն հետո սկսեցինք վերադառնալ»:

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանում ամբողջական պատկերացում չունեն՝ ինչ անել Ղարաբաղի մնացած հատվածի հետ, որն այժմ գտնվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ: «Այժմ իրավիճակը, կարծես, սառեցված է, սակայն երաշխիքներ չկան», – եզրափակեց նա:

Պավել Ֆելգենգաուերի հետ զրույցն ամբողջությամբ՝ ստորև (ռուսերեն)։

Մեկնաբանել