Պատերազմի պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Հայաստանի, այլև Մինսկի խմբի վրա․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է Ղարաբաղում պատերազմի համար։ Օգոստոսի 24-ին Բաքվում ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային՝ Ալիևը իր խոսքում երկար անդրադարձ է արել Ղարաբաղին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը նշել է, որ 1993-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երեքը, որ Մինսկի խմբի համանախագահ են [Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա] մանդատ ունեին այդ բանաձևերը կյանքի կոչելու համար, «սակայն, ցավոք, 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը բաց է թողել բազմաթիվ հնարավորություններ»։

«Շատ դեպքերում ես բարձրացրել եմ Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Քանի որ մտածում էի, որ դա կարող է լինել միջոց կանխելու բախումը, պատերազմը։ Մենք ուզում էինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Անցյալ տարի՝ պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ ես զգուշացրեցի միջազգային հանրությանը՝ ասելով, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Դա քարոզչություն չէր, դա նախապատերազմական ամիսներին Հայաստանի վարքագծի իրական վերլուծության արդյունք էր։ Ցավոք, ես ճիշտ դուրս եկա։ Այդ պատճառով, եթե Հայաստանի դեմ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները, աշխարհի երեք առաջատար երկրներն օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեսզի համոզեին կամ ստիպեին Հայաստանին հետ քաշելու իր օկուպացիոն ուժերը, պատերազմ չէր լինի։ Հետևաբար, պատերազմի պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Հայաստանի, այլև նրանց վրա, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում ստիպել նրան հարգելու միջազգային իրավունքը։ Արդյունքում Ադրբեջանն ինքն է կատարել այդ բանաձևերը միջազգային իրավունքի նորմերի շրջանակում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե իրենք վերականգնել են «արդարությունը, միջազգային իրավունքի նորմերը»։ «Մենք ինքներս կատարեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իրենք վերականգնել են երկրի տարածքային ամբողջականությունը։

Ալիևի խոսքով՝ հիմա պատերազմն ավարտվել է, հակամարտությունը լուծված է, կատարվածի մասին խոսելու բան չկա․ «Մենք արդեն պետք է նայենք դեպի ապագա, և ներկայում մեր գլխավոր մտահոգությունը ավերված, ամբողջությամբ ավերված տարածքների վերականգնումն է։ Իհարկե, մենք հույս ունենք հետագայում համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության հետ այդ հարցերի, հումանիտար իրավիճակի հետ կապված հարցերի, օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման մեր ծրագրերի շուրջ։ Անշուշտ, մեզ պետք է ավելի շատ փոխգործակցություն ՄԱԿ-ի ինստիտուտների հետ։ Ինչպես գիտեք, մենք կապի մեջ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Մենք սպասում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կարելի է ասել, մոտ 30 տարի։ Չգիտեմ ՝ գիտեք, թե ոչ, մի քանի տարի առաջ, դեռևս օկուպացիայի ժամանակ, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել էինք գալ այստեղ և տեսնել, թե ինչ է կատարվում մեր տարածքներում։ Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկու փաստահավաք առաքելություն էր ուղարկել գրավյալ տարածքներ։ Մենք խնդրեցինք նրանց նորից առաքելություն ուղարկել, բայց նրանք չուղարկեցին։ Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրել էինք գալ և տեսնել մեր պատմական հուշարձաններին հայ ագրեսորների հասցրած վնասը, բայց նրանք հրաժարվել էին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի միջամտում քաղաքական հարցերին։ Սակայն պատերազմի ավարտից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ազդանշաններ ստացանք այն մասին, որ նրանք ցանկանում են գալ։ Իհարկե, մենք արտահայտել ենք մեր զարմանքը։ Քանի որ նրանք չէին գալիս, երբ մենք նրանց կոչ էինք անում, կարելի է ասել ՝ գրեթե 30 տարի։ Իսկ պատերազմից հետո նրանք որոշել են գալ։ Դրա համար էլ մենք համաձայնել ենք, և որքան ինձ է հայտնի, վերջին տեղեկատվությունն այն էր, որ առաքելությունն արդեն ստեղծվել է, բայց հիմա Հայաստանը կրկին դեմ է։ Ուստի առաքելությունը կրկին հետաձգվում է»։

«Մենք կապ ենք պահպանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ։ Ծրագրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում այնտեղ [Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում – խմբ․] կրկին բնակեցնել բոլոր նախկին հարկադիր վերաբնակներին, բայց գլխավոր խնդիրը ականներն են և բոլոր բնակավայրերի լիակատար ոչնչացումը, ավերումը»։