Սեպտեմբերի 1-ից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա եղանակով․ ԿԳՄՍ փոխնախարար

Սեպտեմբերի 1-ից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա եղանակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Փորձելու ենք հնարավորինս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում այս ռեժիմը պահպանել։ Որևէ մեկիս մոտ ոչ մտադրություն, ոչ ցանկություն չկա անցում կատարելու ուսուցման այլ ձևի։ Բայց պետք է հասկանանք, որ առկա ուսուցման պահպանումը նաև կախված է մեզնից, մեր վարքագծից՝ ինչքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը»,- նշեց փոխնախարար։

Նրա խոսքով՝ առկա ուսուցումը շարունակելու է ուղեկցվել այն կանոնների պահպանմամբ, որոնք գործում էին նախորդ տարի՝ դիմակների կրում, դպրոցների ախտահանման հետ կապված կարգավորումներ․ «Հիմա մեր միջազգային գործընկերների հետ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի դպրոցներին ապահովենք անհատական պաշտպանիչ միջոցներով՝ ախտահանիչներով, և որպեսզի այս անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և տրամադրումը լրացուցիչ բեռ չլինի դպրոցների համար»,- ասաց նա։

Ժաննա Անդրեասյանը հայտնեց նաև, որ դպրոցները կարող են անցնել ամենօրյա ուսուցման ռեժիմի, սակայն դրա համար ուսումնական հաստատությունները պետք է ստանան նախարարության գրավոր համաձայնությունը։

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մնացած դասարաններից մեկ օր շուտ, որպեսզի կուտակումներ չառաջանան։ Ինչպես նաև առաջարկվում է միջոցառումները հնարավորինս բացօթյա իրականացնել։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա:

Մեկնաբանել