Անցած շաբաթ վերջապես արտգործնախարար նշանակվեց․ փաստացի պատերազմական երկրում այս ծայրաստիճան կարևոր պաշտոնը թափուր էր շուրջ 2,5 ամիս։
Նախարարի պարտականությունները կատարում էր արտգործնախարարի առաջին տեղակալ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, և շատերը սպասում էին, որ հենց նա էլ հաստատվելու է այդ պաշտոնում։ Սակայն ի վերջո պաշտոնում նշանակվեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ դեռ այս տարվա հունվարին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել էր, թե Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ։ Նա նաև ներկայացրել էր ձեռագիր գրված մի փաստաթուղթ և պնդել, թե երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել էր Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել էր «դառնալ «կրկնակի գործակալ»»:
Ավելի ուշ այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Ազգային անվտանգության ծառայությունը՝ պնդելով, թե Արարատ Միրզոյանի «հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։
Ուշագրավ է նաև այն, որ ինքը՝ Միրզոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր, թե ինքը գործակալ է և պատմել, որ ժամանակին ԱԱԾ-ն դիմել է իրեն առաջարկել աջակցել հայ – թուրքական օրակարգի հետ կապված հարցերում և ինքը՝ որպես, իր ձևակերպմամբ, «հայրենասեր» մարդ, համաձայնել է։ Նա նաև չէր հերքել, որ Սերժ Սարգսյանի փեսայի հրապարակած փաստաթուղթը գոյություն ունի, սակայն իր՝ գործակալ կամ կրկնակի գործակալ հանդիսանալու մասին պնդումները որակել էր «հիվանդագին ցնորք» ու պնդել, թե Միքայել Մինասյանը իր բարի համբավը արատավորելու համար պիտի պատասխան տա։
Չնայած գործակալ լինելու մասին ԱԱԾ-ի և Միրզոյանի հերքումներին` վերջինիս նշանակումը արտգործնախարարի պաշտոնում սկիզբ դրեց դավադրությունների նոր տեսությունների շրջանառմանը հայաստանյան սոցցանցային տիրույթում։ Միրզոյանի՝ թուրքական գործակալ կամ կրկնակի գործալ լինելու մասին թեզերով հանդես եկան նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքագետներ։
Շրջանառվող թեզերից մեկն այն է, թե որպես նախկին գործակալ Միրզոյանը, Հայաստանի շահերին դեմ գնալով, լուծելու է Ղարաբաղի հարցը և չի կարող հակառակվել ոչ Թուրքիայի, ոչ էլ՝ Ռուսաստանի ցանկություններին։
«Հանցագործ» Google-ը
Օրերս Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, պնդելով՝ «Ադրբեջանը պայմանավորվել է Գուգլի հետ և համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ»։ Որպես ապացույց պատգամավորը տեղադրել է Google Maps հավելվածով արված երկու արտապատկերում՝ սքրինշոթ, որոնք ցույց են տալիս Տավուշի մարզի Աչաջուր գյուղից Բաղանիս և Աչաջրից Կիրանց գյուղ տանող ճանապարհների՝ Google-ի կողմից առաջարկվող տարբերակները։
Պատգամավորը պնդել է՝ սա տեղի է ունեցել «Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության» պատճառով, ինչպես նաև մեղադրել է Google ընկերությանը Ադրբեջանի հետ համատեղ «հանցագործություն» կատարելու մեջ։
Պետք է փաստենք, որ Google Maps հավելվածում առաջարկվող նավիգացիոն խնդիրը նոր չէ և պայմանավորված է այն հանգամանքով, որ Google-ը Հայաստանի քարտեզը ներկայացնելիս որպես հիմք է ընդունում Խորհրդային Հայաստանի պաշտոնական քարտեզը, որը ներառում է ադրբեջանական անկլավներ։ Առաջարկվող ճանապարհը շրջանցում է այդ՝ դե ֆակտո գոյություն չունեցող անկլավները և առաջարկում ավելի երկար ճանապարհ։ Նմանատիպ խնդիր կա նաև Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում։
Նույնպիսի խնդիր կա նաև Ադրբեջանի տարածքում Google-ի նավիգացիա օգտագործելիս՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Արծվաշենով քարտեզը ճանապարհի տարբերակ չի առաջարկում։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը ուսումնասիրել է պատգամավորի գրառումը և պարզել, որ խնդիրը նոր չէ։ Այս մասին նախկինում ևս բարձրաձայնվել է, իսկ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, այն ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանը փորձում է լուծել երկրի տարածքում Google Maps-ի օգտագործման ընթացքում առաջ եկող անճշտությունները և խնդիրները:
«Երբ որ Google Maps-ում ճանապարհը գծվում է քարտեզի վրա, ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Նոյեմբերյանի հատվածում, ինչը լուրջ խնդիր է թե տուրիստների համար, թե քաղաքական տեսանկյունից»,- հայտարարել է նա։
Ստացվում է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի բարձրաձայնած խնդիրը իրականում կա, սակայն պնդել, որ դա Ադրբեջան-Google «համատեղ հանցագործության» հետևանք է, չի կարելի, քանի որ նույնպիսի խնդիր կա նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենում։