Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում․ Դատախազություն

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում, միջադեպին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական կտրվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:

Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- գրել է Խաչատրյանը։

Մեկնաբանել