Բաժնետոմսերի կռիվ՝ Պղնձամոլիբդենային կոմբինատում. Միխայիլ Զուրաբովը ցանկանում է տիրանալ հանքին

Լուսանկարում՝ Զուրաբովն ու Փաշինյանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր ընկերությունը՝ «Զանգեզուր մայնինգ»-ը, պահանջում է կոմբինատից աուդիտ իրականացնել ընկերությունում, այնինչ կոմբինատի տնօրինությունը «դեռևս չի համագործակցում բաժնետիրոջ հետ ու չի ապահովել բաժնետիրոջ պահանջով աուդիտի իրականացումը»։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Կոնցեռն դիալոգ» իրավաբանական ընկերությունը, որը ստանձնել է «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի պաշտպանությունը։

«Զանգեզուր մայնինգ»-ի վերջնական սեփականատերը Ռուսաստանի առողջապահության և սոցիալական հարցերի զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, որի ունեցած բաժնեմասնակցությունը ընկերությունում 12,4 տոկոս է։ Անցյալ տարվա ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հետ գնեց իր բաժնետոմսերը գերմանական «Քրոնիմետ մայնինգ» և «Մաքուր երկաթի գործարան» ընկերություններից, ու այդպիսով կոմբինատի ամենամեծ մասնակցություն ունեցող բաժնետեր դարձավ հենց կոմբինատը՝ 75 տոկոսի բաժնետոմսերի չափով։

Մյուս բաժնետերը «ԱՄՓ հոլդինգ» ՓԲԸ-ն է՝ 12,5 տոկոսով։ Այս ընկերությունն իր հերթին ունի երեք բաժնետեր՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ԶՊՄԿ նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու նրա տեղակալը՝ Նարեկ Ամբարյանը։ ՀՀ օրենսդրության համաձայն կոմբինատում 75 տոկոս բաժնետոմս ունեցող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որը նաև որպես թողարկող է հանդես գալիս, չի կարող մասնակցել բաժնետերերի որոշումների կայացմանը և ԶՊՄԿ-ում «քվեարկող բաժնետոմսեր» ունեն մի կողմից Զուրաբովը՝ իր «Զանգեզուր մայնինգ»-ով, մյուս կողմից՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը (բաժնետերեր՝ Կարեն Հակոբյան, Մհեր Պոլոսկով, Նարեկ Ամբարյան):

«Զանգեզուր մայնինգ»-ն ավելի հեռուն է գնացել, քան կոմբինատում աուդիտի ու ստուգումների պահանջն է։ Ընկերությունն արդեն 4 հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԶՊՄԿ-ի, «ԱՄՓ հոլդինգ»-ի ու դրա սեփականատերերի։

Ամիսներ առաջ ՍիվիլՆեթն անդրադարձել էր «Զանգեզուր մայնինգ»-ի կողմից դատական գործընթաց նախաձեռնելու դեպքին։ «Կոնցեռն դիալոգ»-ի հաղորդագրությունից պարզ է դառնում՝ 2 հայց ներկայացվել է ԶՊՄԿ-ի կողմից 75 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, ևս երկուսով պահանջում են բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրենց, Զուրաբովի ներկայացուցիչները նաև պահանջել են, որ «ԱՄՓ հոլդինգ»-ն ու նրա բաժնետիրական շղթան իրենց բաժնետոմսերն օտարելու դեպքում գնման նախապատվությունը տան «Զանգեզուր մայնինգ»-ին, ավելին՝ ընկերությունը դատարանից պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել, ինչը բավարարվել է ու «ԱՄՓ հոլդինգ»-ի հետ կապակցված «Սթար Դասթ» ընկերության բաժնետոմսերի վրա արգելանք է դրվել.«Առկա են տեղեկություններ (հիմնավոր կասկած), որ չմարված և բաժնետիրոջը չիրացված բաժնետոմսերը կոմբինատը մտադիր է իրացնել այլ անձանց՝ խախտելով մյուս բաժնետիրոջ՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊ Ընկերության՝ օրենքով սահմանված գնման նախապատվության իրավունքը»,- նշել են իրավաբանական ընկերությունից։

Այս տարվա մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Միխայիլ Զուրաբովին, ինչը կասկածներ էր առաջացրել, որ դատական գործընթացներն ուղղորդվում են կառավարության կողմից՝ ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի։ Կոմբինատի տնօրենների խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը «ալոգիկ» էր որակել Զուրաբովի պահանջները, իսկ կառավարությունը հերքել էր, որ որևէ ձևով խրախուսում են Զուրաբովին և առնչություն ունեն բաժնետոմսերի հետ կապված վեճին։ Վերջերս փոխվեց նաև կոմբինատի գլխավոր տնօրենը. Մհեր Պոլոսկովին փոխարինեց Պարագ Յոհանես Բհատը։

Եթե դատական ատյաններում Միխայիլ Զուրաբովը հասնի հաջողության, ապա «ԱՄՓ հոլդինգ»-ի ունեցած բաժնետոմսերը չհաշված, հանքում կունենա մոտ 87.5 տոկոս մասնակցություն ու կդառնա թելադրող բաժնետեր։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել