Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող, նա ձերբակալվել է

Օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։

«Արցախի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱԱԾ: Հարուցվել է քրեական գործ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի դատախազությունից անընդունելի է համարում դեպքի շուրջ սկսված հրապարակումները, տեղեկությունները համացանցային տիրույթ ներբեռնելու դրսևորումները․ «Դրանք հաճախ կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ, խոչընդոտել այլ հանցագործությունների արագ կանխման, խափանման և դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործին, առաջացնել չհիմնավորված խուճապ կամ անվերահսկելի ու անկառավարելի վիճակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որոնք կարծում ենք հասկանալի ու կռահելի են»։

Մեկնաբանել