Ադրբեջանցիները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է»,- գրել է մարդու իրավունքների պաշտպանը։

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ՝ օգոստոսի 25-ին, 23:00-ի սահմաններում փակվել էր Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ աշխատանքներ են իրականացվում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ուղղությամբ:

Մեկնաբանել