Հայաստանում մինչև օրս կատարվել է 267 504 պատվաստում․ Ավանեսյան

Օգոստոսի 26-ին Հայաստանում կատարվել է 7 114 պատվաստում, մինչև օրս Հայաստանում կատարվել է ընդհանուր առմամբ 267 504 պատվաստում․ այս մասին օգոստոսի 27-ին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա տվյալներ ներկայացրեց երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։ Ավանեսյանի փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար ծավալվել է 14 բժշկական կենտրոն, ծավալվել է 1 500 մահճակալ, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 700 պացիենտ։

Նախարարը շեշտեց, որ տարածվում է կորոնավիրուսի դելտա շտամը, ինչի արդյունքում հիվանդությունը բավական երիտասարդացել է, և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում այդ թվում երիտասարդներ՝ առանց ուղեկցող հիվանդությունների։

Անահիտ Ավանեսյանը, խոսելով պատվաստումային գործընթացի մասին, ասաց, որ արդեն հատել են օրական 7 000 պատվաստումների շեմը․ պոլիկլինիկաներում ակտիվություն է, անգամ հերթեր են գոյանում։

Հայաստանում օգոստոսի 26-ին կատարվել է 6 383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,1 տոկոսը։ Առողջացել է 359 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում:

Մեկնաբանել