Մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի վերանորոգումը պիտի ավարտվի․ Փաշինյան

Սյունիքի մարզում ճանապարհների փակման ադրբեջանական զինուժի գործողությունները Հայաստանի համար անսպասելի չեն եղել․ օգոստոսի 27-ի կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Էյվազլի-Չայզամի հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ճանապարհների փակումը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Այդ ակցիան արվել է մեր կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին հարվածելու ու այդ օրակարգը վարկաբեկելու համար»,- ասաց Փաշինյանը՝ զգուշացնելով, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի այդ հատվածներում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից դանակահարվել էր ադրբեջանցի զինծառայող։ Փաշինյանը հերքում է այս վարկածը, միևնույն ժամանակ, առաջարկում համատեղ հետաքննություն անցկացնել դեպքի վերաբերյալ։

«Ամեն դեպքում միջհամայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման մեր աշխատանքները պիտի իրականացվեն, մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի վերանորոգումը պիտի ավարտվի, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի հետ պիտի ավելի որակյալ դառնա»,- նշեց Փաշինյանը։ Նա Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակների մասին խոսեց՝ ասելով, որ դրական ազդակներին Հայաստանը դրական ազդակներով կպատասխանի։

Մեկնաբանել