Հայաստանը Արցախին 13,4 միլիարդ դրամի միջպետական անտոկոս վարկ կտրամադրի

Հայաստանը Արցախին միջպետական անտոկոս վարկ կտրամադրի՝ 13,4 միլիարդ դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 27-ի նիստում։

Այս գումարը հատկացվել է Արցախին սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը, նպաստները, կենսաթոշակները, առողջապահական ծախսերը, ինչպես նաև բնակչության կոմունալ ծախսերը վճարելու նպատակով։ Նշված միջոցներից 1,2 միլիարդը տրամադրվելու է նվիրատվության պայմանագրի, իսկ մնացածը՝ վարկային միջոցի տեսքով։

Հունիսին կառավարությունը 7,5 միլիարդ էր հատկացրել Արցախի կառավարությանը՝ դարձյալ անտոկոս վարկի տեսքով ու դարձյալ պետական ծախսերի նպատակով։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը մինչ այս պահը Արցախին հատկացրել է 100 միլիարդ դրամ։