Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին

Օգոստոսի 27-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ»,- տեղեկացնում է ՊՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝ կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

«ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ։