Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:
Դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի վեր Իրանը լիահույս է եղել, որ կողմերը հրատապ կերպով կհասնեն այնպիսի փոխընդունելի լուծման, որը կապահովի Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների բնականոն ընթացքը՝ նվազագույն հետևանքներով: Նաև հիշեցրել են են, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման հարցը եղել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված եռակողմ հայտարարությունների հիմնական կետերից մեկը:
Թեհրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում:
«Հուսով ենք, որ կողմերը՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Ցավոք, վերջին երկու օրերի ընթացքում ականատես ենք լինում այն բանին, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով այս ճանապարհով երթևեկությունը խաթարվել է, ինչը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքի համար, այլև Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մի շարք իրանական բեռնատարների համար: Այս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում առկա իրավիճակի բարդությունից ելնելով՝ պահանջվում է, որ կողմերը բարիդրացիության սկզբունքի շրջանակներում ջանքեր գործադրեն՝ հաղորդակցության և երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու ուղղությամբ, մինչև այս առումով ճշգրիտ և կոնկրետ իրավիճակի հասնելը: Հետևաբար, մենք դեռ հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում»,- նշված է Իրանի դեսպանության պատասխան նամակում:
Ինչ վերաբերում է հաղորդակցության բնականոն ընթացքի երաշխավորման կարևորությանը՝ իրանական կողմն ընդգծում է, որ իրենք մշտապես հայտնել են իրենց տեսակետները Հայաստանի իրավասու մարմիններին:
«Լիահույս ենք, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները, որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին»,- «Արմենպրես»-ին ասել են Իրանի դեսպանությունից:
***
Ադրբեջանական զինծառայողները երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում փակել էին Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։ Ավելի ուշ ադրբեջանցիները փակեցին նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ աշխատանքներ են իրականացվում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ուղղությամբ: