Ինչ հանգամանքներ են նպաստում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը

Օգոստոսի 25֊ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները արգելափակել են Երևան֊Մեղրի֊Իրան միջպետական ճանապարհի Շուռնուխ և Կարմրաքար համայնքները կապող հատվածը: Օգոստոսի 26֊ին ադրբեջանցիները արգելափակել են նաև նույն ճանապարհի Գորիս֊Որոտան հատվածը: Ռուսական կողմի միջնորդությամբ երկու օր տևող բանակցությունները դեռ արդյունք չեն տվել: Ճանապարհի այդ հատվածները շարունակում են արգելափակված մնալ, ինչը արդեն իսկ լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծել Հայաստանի հարավում:

Վերջին օրերի զարգացումները ամբողջովին տեղավորվում են հետպատերազմյան փուլում հայաստանյան ու արցախյան ուղղություններով Ադրբեջանի վարած քաղաքականության տրամաբանության մեջ: Բաքվի նմանատիպ գործողությունները վստահաբար շարունակական բնույթ են ունենալու նաև մոտ ապագայում և պայմանավորված են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը նպաստող հիմնարար պատճառներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում ադեկվատ գնահատել տարածաշրջանում ընթացող գործընթացների էությունը: Հետպատերազմական փուլում Ադրբեջանի նպատակը հայկական գործոնի դերն ու ազդեցությունը Հարավային Կովասում նվազագույնի հասցնելն է: Ռազմավարական այս նպատակի մասին խոսվում է նույնիսկ պաշտոնական հայտարարությունների մակարդակով: Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանը բանակ չպետք է ունենա: Բաքուն բազմաթիվ անգամ կոշտ քննադատության է ենթարկել հայկական բանակի վերազինման ու արդիականացման վերաբերյալ հայտարարությունները, որոնք պարբերաբար արվում են հայաստանյան ու ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների կողմից: Ադրբեջանը օգտագործում է նաև Հայաստանի ներքաղաքական անկայունությունը սեփական մարտավարական խնդիրները ու ռազմավարական օրակարգերը առաջ տանելու համար:

Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները անընդհատ խոսում են տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու կամ խաղաղության դարաշրջան բացելու մասին: Այս օրակարգը դարձել է կառավարության նոր ծրագրի առանցքային ուղերձներից մեկը: Այս օրակարգի սպասարկման համար իշխող թիմը որոշում է կայացրել նաև մեղմել հռետորաբանությունը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերում՝ այն դարձնելով հնարավորինս չեզոք: Նույն նպատակով կառավարության նոր ծրագրի մեջ լղոզվել էին Արցախյան հիմնահարցի հետ կապված դրույթները:

Այնուամենայնիվ, այս մոտեցումը դատապարտված է ձախողման: Ադրբեջանի համար ՀՀ իշխանությունների այսպիսի պահվածքը սեփական մարտավարության հաջողության ու Հայաստանի թուլության ցուցիչ է: Երևանի՝ իրավունքներից հրաժարվելու ու դիրքորոշումները մեղմացնելու քաղաքականությունը Բաքվի համար նոր սադրանքների գնալու հավելյալ շարժառիթներ է ստեղծելու:

Երկրորդ հանգամանքը, որը նպաստելու է ադրբեջանական ագրեսիվ ու նախաձեռնողական քաղաքականության շարունակականությանը, այն է, որ Բաքվի բոլոր սադրանքները անհետևանք են մնում: Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն ոչ միայն ռազմական գործիքակազմով կանխել ադրբեջանական ոտնձգությունները, այլև հետևողական չեն իրենց քայլերի ու հայտարարությունների մեջ: Այսինքն, չեն կարողանում նույնիսկ հասնել նրան, որ պարբերաբար կրկնվող սադրանքները որևէ գին ունենան Բաքվի համար: Սրա լավագույն օրինակը Սև լճի հետ կապված իրավիճակն է: Երբ ադրբեջանական զինված ստորաբաժանումները մայիսի 12֊ին Սև լճի հատվածում ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվել այնտեղ, Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շաբաթներ շարունակ նշում էին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, որից հետո միայն հնարավոր կլինի սկսել որևէ գործընթացի կամ փաստաթղթի շուրջ բանակցություններ: Այդ դեպքերից հետո դադարացվել էին նաև փոխվարչապետերի գլխավորած ռուս֊հայ֊ադրբեջանական եռակողմ խմբի աշխատանքները: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այդ նախապայմանը ոչ արդիական դարձավ: Օգոստոսի 18֊ին վերսկսվեց Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դեռ շարունակում էին մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում: Սա Ադրբեջանի համար հստակ ազդակ է, որ կարելի է շարունակել Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականություն վարել ու որևէ գին չվճարել դրա համար:

Ռուսաստանի պահվածքն ու շահերը մեր տարածաշրջանում երրորդ գործոնն է, որը նպաստելու է, որպեսզի Ադրբեջանի այս մարտավարությունը շարունակական բնույթ ունենա: Ռուսաստանը մի կողմից հանձն է առել լինել կողմերի միջև ձեռք բերված տարբեր պայմանավորվածությունների երաշխավորը, մյուս կողմից չի ցանկանում Ադրբեջանի դեմ ավելի լուրջ լծակներ կիրառել, երբ վերջինս հերթական սադրանքին է դիմում կամ խախտում է իր ստանձնած պայմանավորվածությունները: Սա առաջին հերթին բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր ազդեցությունը Ադրբեջանում և չի ցանկանում կոշտ քայլերի միջոցով վանել Բաքվին: Ադրբեջանի իշխանությունները շատ լավ հասկանում ու օգտագործում են այս իրողությունները:

Անկայունության ու սահմանային լարվածության այս շրջափուլից դուրս գալու համար ՀՀ իշխանությունները առաջին հերթին պետք է ճիշտ գնահատեն Ադրբեջանի իրական նպատակներն ու շարժառիթները հետպատերազմական այս նոր իրավիճակում: Միամտություն է կարծել, թե հռետորաբանության մեղմացման կամ սեփական իրավունքներից հրաժարվելու միջոցով հնարավոր է փոփոխություն մտցնել հակառակորդ երկրի ռազմավարական շահերի ու նպատակների մեջ: Քաղաքական էսկապիզմը ոչ միայն չի լուծելու գոյություն ունեցող խնդիրները, այլև նպաստելու է դրանց խորացմանը:

Մեկնաբանել