Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացվեց

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Տեղեկությունը հաստատում է նաև Սյունիքում աշխատող ՍիվիլՆեթի թիմը։

«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Այսօր՝ ավելի վաղ, հաղորդվել էր, որ հայ և ռուս սահմանապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ ճանապարհը վերաբացելու շուրջ։

Ադրբեջանական զինծառայողները երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում փակել էին Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։ Ավելի ուշ ադրբեջանցիները փակեցին նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։