Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղիներում աշխատող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների դեմ «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդների նախօրեին կազմակերպած գործադուլին անդրադարձել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության նիստից հետո, պատասխանաելով լրագրողների՝ այդ թեմայի հետ կապված հարցին, նա ասել է. «Ո՞վ է համոզվել, որ անօրինականություն է, կարո՞ղ եմ հասկանալ, որպես լրագրո՞ղ եք ասում, համոզվե՞լ եք: Ի՞նչ գիտեք` շահույթ չեն ստանում, թողեք՝ մենք պարզաբանենք»:
Փաստորեն, Բեգլարյանն այս խնդրի հետ կապված առնվազն չեզոքություն է դրսևորում: Կարելի է անգամ եզրակացնել, որ նախարարը կասկածի տակ է առնում «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդների բողոքի անկեղծությունը: Այդ ընկերությունը պատկանում է ՀՀԿ-ական (նախկին ԲՀԿ-ական) Արթուր Հարությունյանին՝ Պալաչ մականունով, որը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն վերջին շրջանում վատ հարաբերությունների մեջ է նրա հետ:
Դժվար է պատկերացնել, որ Պալաչի վարորդները բողոքի ակցիա կազմակերպեին, եթե օրինակ՝ ԲՀԿ-ն շարունակեր մնալ կոալիցիոն կառավարության մեջ: Հենց այս համատեքստում է, որ Գագիկ Բեգլարյանի արտահայտությունները ուշագրավ են: Փաստացի, ժամանակին նախագահականից «անհանդուրժելի և անընդունելի» ճանաչված Երևանի նախկին քաղաքապետը և ներկայիս տրանսպորտի և կապի նախարարը իրեն դուրս է դնում իշխանության կողմից «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի դեմ վարվող հակաքարոզչությունից, անգամ հակադրվում է իշխանության կուրսին:
Առավել հավանական է, որ այստեղ դեր են խաղում միջանձնային հարաբերությունները, որոնք Հայաստանում քաղաքական կատեգորիայի կարգավիճակում են: Բեգլարյանը խնդիր չունի այրել կամուրջները ԲՀԿ առաջնորդի հետ: Տարբերակ է նաև, որ իշխանությունը, հասկանալով, որ բարեգործական երթուղիների խնդիրը շահարկելով՝ հազիվ թե կարողանա արդյունավետ հարված հասցնել Ծառուկյանին, փորձում է թեման «քնեցնել» և Բեգլարյանի միջոցով խնդիրը հանում է օրակարգից:
Չի բացառվում նաև, որ այս քայլով Բեգլարյանը ցանկանում է ցույց տալ, որ ինքնուրույն խաղացող է, և միշտ չէ, որ ուշադրություն է դարձնում իջեցված հրահանգներին: