Մարտակերտի բնակարաններից մեկը ներխուժած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկը ներխուժած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է, հաղորդում է Արցախի քննչական կոմիտեն։

«Օգոստոսի 28-ին հայտնել էինք Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործն Արցախի քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին: Նույն օրը զինծառայող Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Հարուցվել է քրեական գործ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։