Թուրքիան պատրա՞ստ է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը․ Էրդողանի հայտարարության շուրջ

Գեորգի Միրզաբեկյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 27-29-ը Բոսնիա և Հերցեգովինա ու Մոնտենեգրո կատարած այցից հետո՝ տունդարձի ճանապարհին, խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին:

Էրդողանը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 27-ի կառավարության նիստում արած հայտարարությանը, որ «Թուրքիայի կողմից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան»: Փաշինյանը դրանով թերևս արձագանքել էր Թուրքիայի ղեկավարի ավելի վաղ արած հայտարարությանը․ օգոստոսի 26-ին Էրդողանն ասել էր, թե «Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանի խաղաղության համար առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և այդ ուղղությամբ Հայաստանի դրական քայլերի պարագայում Թուրքիան համարժեք կարձագանքի»:

Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին իր վերջին հայտարարությունում Հայաստանի նոր կառավարությանը [տարածաշրջանի համար] հաջողություն մաղթելով՝ կարևորել է տարածաշրջանում կառուցողական մոտեցումների անհրաժեշտութունը: «Չնայած տեսակետների և սպասումների տարբերություններին՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումն ու վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար ջանքերի գործադրումը պատասխանատու գործողության ուղենիշ կլինի»,- հայտարարել է Էրդողանը: Նա նշել է, որ «միակողմանի մեղադրանքներին պետք է գերակշռեն իրատեսական մոտեցումները»։ «Կարող ենք աշխատել այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամություն հայտնած Հայաստանի կառավարության հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու շուրջ»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը, մատնանշելով խաղաղությանն ու կայունությանը հաջորդող տարածաշրջանի տնտեսական համագործակցության հեռանկարները, շեշտել է, որ նման տրամաբանությամբ Ադրբեջանն էլ Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններ սկսել:

Դժվար է ասել՝ Երևանի ու Անկարայի միջև կա՞ն արդյոք երկկողմ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող գաղտնի բանակցություններ, սակայն պաշտոնական հայտարարություններն առայժմ ոչ թե դրական ազդակների, այլ դրանց՝ մարտավարական բնույթի մասին են վկայում: Ադրբեջանա-թուրքական տանդեմը տարբեր առաջարկներով ցանկանում է ցույց տալ, որ «գնդակը» Հայաստանի դաշտում է և հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ թերևս փորձում է միջազգային հանրությանը կրկին ուղերձ հղել, որ պաշտոնական Երևանը բաց է դրական ազդակների առջև, և խնդիրներ ստեղծողը Հայաստանը չէ:

Բայցևայնպես, Էրդողանի հայտարարությունը ավելի շատ «համեմված» էր նախապայմաններով, որոնք ակներև են դառնում նաև Ադրբեջանի առաջարկած «խաղաղության պայմանագրի» հիշատակությամբ:

Թուրքիան և Ադրբեջանը Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանային զարգացումներում գլխավորապես հանդես են եկել միասնական օրակարգով և համանման ուղերձներով: Թե՛ Բաքուն, թե՛ Անկարան հաստատակամ են, որ «Ղարաբաղի հիմնախնդիրն ավարտված է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այսքան տարի գործելով խիստ անարդյունավետ, չեն նպաստել դրա կարգավորմանը»: Բացի այդ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս նշել են Ադրբեջանին բոլոր ոլորտներում աջակցելու մասին և կարևորել Բաքվի՝ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու առաջարկը, որը ենթադրում է Երևանի կողմից Ադբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:

Իր հայտարարությունում շեշտելով վերջին հանգամանքը՝ Էրդողանը հասկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները նախկինի պես միասնական և փոխլրացնող են: Այդ համատեքստում կարելի է ընկալել նաև Էրդողանի՝ «միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու» և «միակողմանի մեղադրանքների փոխարեն իրատեսական մոտեցումների» մասին նախապայման-ուղերձները:

Թուրքիան և Ադրբեջանը իրենց նախորդ ուղերձներում բազմիցս նշել են, որ Հայաստանը Արցախյան պատերազմից պետք է «դասեր քաղի», և իրենք դրական քայլերի դիմաց պատրաստ են համարժեք պատասխանել: Հունիսի 16-ին, օրինակ, իր հերթական հայտարարությամբ Էրդողանը կոչ էր արել նոր դարաշրջան սկսել Հարավային Կովկասում՝ Հայաստանին առաջարկելով կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Թուրքիայի քաղաքական կուսակցությունները ևս հետարքրքված չեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Բացի քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի քանի ընդհանրական հայտարարություններից՝ ընդդիմադիր մյուս խոշոր ուժերը կա՛մ անտարբեր են, կա՛մ լռում են խնդրի առնչությամբ: Փոխարենը կոշտ հռետորաբանությամբ է հանդես գալիս իշխող «Ժողովրդական դաշինք»-ի անդամ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին:

Այսպիսով, դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ Թուրքիան ներկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը զուգորդում է հայ-ադրբեջանական հարաբերություններով և մեծապես պայմանավորում Լեռնային Ղարաբաղով: Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական հարաբերությունների աննախադեպ մերձեցումն ու Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու շուրջ առնվազն առկա սառնությունը պաշտոնական Երևանի համար անտրամաբանական է դարձնում Էրդողանի վերջին հայտարարություններից դրական ազդակների սպասումը:

Մեկնաբանել