Ինչպես է վիճահարույց հողակտորը դուրս մնացել «Ֆիզգորոդոկի» տարածքից

2021-ի փետրվարին «Ֆիզգորոդոկի» տարածքը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ճանաչեց որպես նորահայտ հուշարձան, սակայն մայիսին հանեց Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից: Այս մասին հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ-ից պարզաբանել են, թե ինչու են հանել հողակտորը նորահայտ հուշարձանի տարածքից։

Ըստ պատասխանի՝ նախարարություն է դիմել այդ տարածքի սեփականատեր «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն՝ հայտնելով, որ Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով 2018-ին սեփականության իրավունքով 1 976 քմ հողամաս է ձեռք բերել, որի համար ստացել է անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը դիմել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ խնդրելով «ուսումնասիրել ներդրումների աջակցման կենտրոնի կողմից տրամադրված փաստաթղթերի փաթեթը և առաջարկություն ներկայացնել՝ առանց նորահայտ հուշարձանը վնասելու, խնդրո առարկա 1976 քմ հողատարածքը նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած գոտուց հանելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը»։

Նախարարությունից տրամադրել են նաև 2021-ի մայիսի 6-ին կայացած ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Նախապատմության համաձայն՝ 2020-ի հուլիսին գերատեսչություն են դիմել մի խումբ բնակիչներ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբարատորիա հիմնադրամ» բանավանում գտնվող շինություններին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու խնդրանքով։ Դիմումը բավարարվել է, սակայն 2020-ի սեպտեմբերին դիմել է նաև «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն հայտնելով, որ այդ հատվածում ունի տարածք, ինչպես նաև 12 հարկանի բնակելի շենք կառուցելու համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր։

Նշվում է նաև, որ հողամասի կառուցապատման համար մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ընկերությունը ստացել է դեռ 2006-ին, իսկ 2007-ին՝ շինթույլտվությունը, որը երկարաձգվել է մինչև 2015-ը։ 2018-ի դեկտեմբերին ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նոր նախագծման թույլտվություն ստանալու նպատակով։

2020-ի հուլիսին քաղաքապետարանը տրամադրել է թույլտվությունը։ Նախագիծը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում և արժանացել դրական եզրակացության։ Ըստ պատասխանի՝ եղել են անգամ «հանրային լսումներ, և հարցը քննարկվել է ՀՀ հանրային խորհրդում»։

«Ֆիզիկայի բանավանը մի ուրույն բնակելի մոդել է, որտեղ գոյություն է ունեցել մշակույթի և գիտությունների տուն (Կենտրոն հեռուստաընկերության շենքն է), մանկապարտեզ (ապօրինի սեփականաշնորհվել է 2004-ին և հիմա բնակիչների ջանքով փորձ է արվում վերադարձնել համայնքին) և սպորտային համալիր (տրված է վարձակալությամբ ու անխնամ վիճակկում է)»,- նշված է արձանագրության մեջ։

Խզմալյանը ամփոփելով քննարկումը՝ նշել է, թե որոշումը պետք է վերանայվի, «հատկապես երբ ներդրողը ունի բազմաթիվ իրավական փաստաթղթեր»։

Նա նաև արձանագրել է, որ կառուցապատողը «բոլոր թույլտվությունները ձեռք է բերել տարածքին հուշարձանի կարգավիճակ շնորհելուց առաջ»։ Նախարարի տեղակալը վստահեցրել է, թե այդ տարածքում պատմամշակութային նշանակության որևէ շինություն չի տուժելու։

11 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը որոշել է «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի տարածքը հանել նորահայտ հուշարձանի տարածքից։

ԿԳՄՍ-ն նաև տրամադրել է գիտավանի հատակագիծը, որտեղ երևում է, որ մշակութային հուշարձան համարվող Վիշապաքարն ու «Արուս» քանդակը գտնվում են ընկերության տարածքից դուրս։

ՀԱՏԱԿԱԳԻԾ

Մինչդեռ, շենքի կառուցման դեմ պայքարող նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը պնդում է, որ «Արուս» հուշարձանը Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տրամադրած քարտեզում սխալ տեղում է նշագրված»։ Ըստ նրա՝ «հուշարձան թաղամասի սահմանները անհասկանալի պատճառով փոխելուց հետո դուրս են մնացել ոչ միայն կառուցապատողի կողմից ապօրինի շինաշխատանքների ենթարկվող հողակտորը, այլ նաեւ դրան հարակից հանրային խաղահրապարակն ու հենց Արուս հուշարձան քանդակը»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել