Կարեն Դուրգարյանը նշանակվել է Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։

Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն վստահություն է հայտնել, որ համագործակցության եզրերը սպառված չեն, և այն կշարունակվի նոր ձևաչափով՝ օպերային թատրոնում մաեստրոյի մասնագիտական և գործնական ներուժի կիրառմամբ:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մաեստրո Օրբելյանին այս տարիներին կատարած աշխատանքի և ներդրման համար: Մաեստրոն այն գործիչն է, ում գալով նոր գույն հաղորդվեց, և նոր բովանդակություն ձևավորվեց թատրոնում»,- ընդգծել է Խզմալյանը:

Նախարարի տեղակալն օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել Կարեն Դուրգարյանին՝ շեշտելով, որ մաեստրոյի գործունեությունը մանրամասն ներկայացնելու կարիք չկա, քանի որ Կարեն Դուրգարյանը երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ լավ տիրապետում է այս թատրոնի առանձնահատկություններին:

«Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում կպաշտոնավարի որպես տնօրենի պաշտոնակատար: Առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը և խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հստակ խնդիր է դրված նորանշանակ պաշտոնակատարի առջև՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլև թատրոնից դուրս գտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում: Պետք է ընդգծեմ, որ բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին: Մենք աշխատելու ենք շատ սերտ, և քննարկվելու են բոլոր կարևոր խնդիրները»,- նշել է Արա Խզմալյանը:

Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին և Կոնստանտին Օրբելյանին կատարած աշխատանքի և այս ընթացքում իրականացրած համագործակցության համար:

«Ինչ վերաբերում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պետք է նշեմ, որ առաջարկվելու են աշխատանքային որոշակի ռիթմ և տեմպ, որովհետև օպերային թատրոնը մի կառույց է, որտեղ անհրաժեշտ է կարգ ու կանոն, հստակ աշխատանք և նվազագույնը 6 ամիս առաջ ունենալ հստակ խաղացանկ: Հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքը կիրականացնենք բարձր արհեստավարժությամբ և ջերմ մթնոլորտում»,- ասել է թատրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը։

Մեկնաբանել