Լավրով-Միրզոյան հանդիպումը Մոսկվայում․ ինչ հարցերի են անդրադարձել նախարարները

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել, որ նախարարի պաշտոնում Միրզոյանն առաջին այցը կատարել է հենց Մոսկվա։ Ըստ Լավրովի՝ դա ընդգծում է հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

Սերգեյ Լավրովը նշել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվելու ինչպես երկկողմ օրակարգի հարցերին՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, այնպես էլ միջազգային օրակարգին։

«Մենք սերտ համագործակցում ենք և ՄԱԿ-ում, և ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, և իհարկե, առանձին հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավորումը»,- ասել է նա։

Լավրովը խոսել է նաև տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի մասին։

Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը Հայաստանի ռազմավարությունն է․ «Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ ակտիվ երկխոսության»։

Հայաստանի արտգործնախարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանում լարված իրավիճակը պահպանվում է՝ հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով։

Միրզոյանը նկատել է նաև, որ Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր իսկ ստանձնած պարտավորությունները, առաջին հերթին՝ ռազմագերիների վերադարձին վերաբերող դրույթը։

Մեկնաբանել