Ինչո՞ւ Փաշինյանը չի այցելում Արցախ, կառավարությունը չի պարզաբանում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի մեկնել Արցախ, մինչդեռ նախքան այդ առնվազն 12 նմանաբնույթ այց է ունեցել։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու վարչապետը չի մեկնում Արցախ և երբ է նախատեսվում հաջորդ այցը։

ՍիվիլՆեթի հարցմանը կառավարության աշխատակազմը խուսափում է պատասխանել՝ նշելով, որ «ՀՀ վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ տրվում է պատշաճ տեղեատվություն»։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է կարճատև արձակուրդի մինչև սեպտեմբերի 3-ը։ Վարչապետը արձակուրդի մեջ է լինելու Արցախի անկախության 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին։

Սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պաշտոնապես Արցախ չեն այցելում նաև Հայաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարներից վերջին անգամ Արցախ այցելել է Արա Այվազյանը հունվարի 5-ին։ Այվազյանի այցը մեծ դժգոհություն առաջացրեց Բաքվում, Ադրբեջանի արտգործնախարարությունն այն «անօրինական» որակեց, իսկ Իլհամ Ալիևը՝ «սադրանք»։

«Այս այցերը պետք է դադարեցվեն։ Եթե նորից նման սադրիչ քայլեր իրականացվեն, մենք զգուշացնում ենք, որ Հայաստանը շատ ավելի կզղջա»,- հայտարարեց Ալիևը։ Դրանից հետո ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահը կամ արտգործնախարարը հրապարակային Արցախ չեն մեկնել։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ վերջերս Արցախ է մեկնել պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը, սակայն այդ այցի մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել։ Հայաստանի պաշտպանության նախարարի այց Արցախ պաշտոնապես եղել է 2020-ի դեկտեմբերի 1-ին, երբ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմից ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր նաև, թե արդյոք Արցախ այցերի առումով կան արտաքին ճնշումներ հայկական կողմի վրա։ Այդ հարցը ևս անպատասխան է մնացել։

Չկա նաև «Զրույց քաղաքացու հետ» ու ասուլիս

Մեկ այլ հարցմամբ ՍիվիլՆեթը խնդրել էր պարզաբանել, թե ինչու պատերազմից հետո վարչապետը հանդես չի եկել ասուլիսով, ինչպես նաև իրականացրել իր ավանդական «Զրույց քաղաքացու հետ» ֆեյսբուքյան հեռարձակումը։ Նախքան պատերազմը Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ տևող ասուլիսներ էր տալիս ու պարբերաբար զրուցում լրագրողների հետ։

Ինչ վերաբերում է «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ հեռարձակումներին, ապա նախկինում Նիկոլ Փաշինյանը գրեթե յուրաքանչյուր կարևոր իրադարձությունից հետո ուղիղ հեռարձակում էր իրականացնում ու քաղաքացիներին ներկայացնում հանդիպումների արդյունքները։ Այդպիսի զրույց եղել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։ Վերջին «զրույցը [քաղաքացու հետ]» տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ քաղաքացիները ներխուժեցին կառավարություն և Ազգային ժողով։

«Վարչապետը հանդես է եկել հայտարարություններով, ուղերձներով, պատասխանել ԶԼՄ-ների հարցերին»,- ՍիվիլՆեթի մի քանի հարցերին ընդհանրական պատասխանել են կառավարությունից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել