Ինչի՞ մասին է պատրաստվում լռել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր հանձնաժողովը

Families stay in the basements used as shelter from alleged Azerbaijani shelling in Stepanakert, Nagorno-Karabakh Republic

Այս օրերի գլխավոր թեմաներից մեկը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունն է, որով հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներկուսակցական քննարկումների և արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդատվություններից հետո։ Երեկ էլ ԱԺ խոսնակն է խորհրդարանում փակ քննարկում անցկացրել այս թեմայով։

Նախաձեռնությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել։ Արդեն իսկ հնչել են մի շարք խնդրահարույց հարցեր։ Դրանց առաջին խումբը վերաբերում է ընթացակարգին՝ ով է ղեկավարելու հանձնաժողովը, ինչ կազմ և ինչ աշխատակարգ ու օրակարգ է ունենալու այն։

Հարցերի նշյալ խմբից շատ ավելի կարևոր ու խնդրահարույց է մյուս մասը՝ բովանդակայինը՝ ո՞ր ժամանակահատվածն է քննվելու, ո՞ր ոլորտները՝ միայն ռազմակա՞ն, թե՞ նաև տնտեսական ու արտաքին-քաղաքական։ Բայց ամենակարևորը հանձնաժողովի վստահելիության, անաչառության և ըստ այդմ էլ՝ արդյունավետության հարցն է։

Խորհրդարանական ընդդիմությունը, բնականաբար, խիստ քննադատաբար է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Ընդդիմադիրների կարծիքով՝ հանձնաժողովը որևէ արդյունավետություն չի կարող ունենալ, իշխանությունն էլ չի կարող անաչառ քննարկել իրեն ներկայացվող մեղադրանքները, միով բանիվ՝ որ նման հանձնաժողովներն արդյունավետ կլինեին միայն իշխանափոխությունից հետո։ Ավելին, խորհրդարանական ընդդիմադիրների կարծիքով՝ իշխանությունը բլեֆ է անում, որ իբր ինքն է նախաձեռնողը, մինչդեռ, ըստ նրանց, հենց իրենք են այդ գաղափարի հեղինակը, և այլն, և այլն։ Այսինքն՝ նույնիսկ այս հարցում նվազագույն փոխըմբռնում չկա, և ամեն մեկը փորձում է, պատկերավոր ասած, վերմակը դեպի իրեն քաշել։

Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ հասկանալիորեն ընդլայնում է պատասխանատվության շրջանակը։ Այսպես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կարծիքով՝ հանձնաժողովի ակնկալվող կազմում լինելու են բոլոր մեղավորները՝ նախկիններն ու ներկաները։

Այսինքն՝ կստացվի, որ մեղավորները կքննեն իրենց մեղքերը։ Շատ դժվար է պատկերացնել այսպիսի ինքնաքավարան, նամանավանդ՝ այսօրվա գործող անձանց ինքնաքննադատության ծտի բեռի հաշվառումով։ Այս պարագայում շատ ավելի հեշտ է պատկերացնել դժոխքի պարունակները։

Սա դեռ քաղաքական ուժերի՝ միմյանց նկատմամբ վստահության, մեղմ ասած, պակասի մասին։ Բայց ավելի լուրջ խնդիր կա՝ քաղաքական ուժերի նկատմամբ հանրության վստահության մակարդակը։ Ուզում եմ ասել, որ նման նախաձեռնության համար հանրային վստահության բավարար ռեսուրս չկա, ուստի, ինչպես ասում են, հոնքը շինելու փոխարեն կարող է աչքն էլ հանեն։

Բանն այն է, որ չկա ոչ մի լավ գաղափար, որը հնարավոր չլինի փչացնել։ Նայած ովքեր են իրականացնողները։ Այս նույն տրամաբանությամբ՝ չկա ոչ մի վատ գաղափար, որ հնարավոր չլինի փրկել և առավելագույն հանրային օգուտը կորզել դրանից։ Դարձյալ՝ իրականացնողներից է կախված։ Այսօրվա իրողությունների պայմաններում փչացման հավանականությունը շատ ավելի մեծ է, անհամեմատ մեծ։

Բայց կարծես թե հանրային վստահության առկայությունն այնքան էլ չի կարևորվում ոչ մեկի կողմից։ Այս մասին է խոսում նաև 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության արդյունքների հանրայնացման խիստ անբավարար մակարդակը։ Մինչդեռ տրամաբանորեն նման հանձնաժողովները պիտի կարևոր լինեն հենց հանրային կարծիքի ձևավորման ու հանրային կոնսենսուսի ձեռքբերման, այլ ոչ թե ներքաղաքական պայքարում որոշակի կռվանների ապահովման առումով։ Բայց որ հանրային ընկալումն ամենակարևորը չի համարվում, խոսում է նաև նման նախաձեռնություններում քաղաքացիական հասարակության դերի թերագնահատման հանգամանքը։

Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության արդյունքների հանրայնացման անբավարար մակարդակը խոսում է այն մասին, որ բազմաթիվ հարցեր պարզապես լռության են մատնվել ու հանրությունից հեռու պահվել։ Ինչի՞ մասին է պատրաստվում լռել նոր հանձնաժողովը։

Ինչո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ստեղծվում առանց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցության

Հարցեր շատ կան, դրանց մեծ մասն այս կամ այն կերպ հնչել է։ Բայց ես մի այլ հարց ունեմ, ըստ իս՝ շատ կարևոր։ Ինչո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ստեղծվում առանց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցության։ Ինձ համար դա նոնսենս է (նույնը՝ նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի պարագայում)։ Արցախից հարցաքննվողներից բացի այլ մարդիկ պետք չե՞ն հանձնաժողովին ու այսօրինակ նախաձեռնություններին։ Բացի դրանից, երկու հայկական պետությունների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովները տարիներ ու տասնամյակներ շարունակ փոխադարձ արարողակարգային-ճանաչողական այցերից ու դրանց շրջանակներում հնչած պերճաշուք կենացներից այն կողմ չեն անցել։

Մինչդեռ ամենապարզ տրամաբանությամբ՝ նման համագործակցությունը կարող է շատ օգտակար լինել։ Բայց դարձյալ նույն խնդիրը մնում է օդում կախված՝ նայած ովքեր են իրականացնողները։ Նման համագործակցությունը և՛ հնարավորություն է, և՛ մարտահրավեր։ Մի կողմից՝ այն կարող է իսկապես օգտակար լինել, մյուս կողմից էլ այն կարող է ավարտվել քաղաքական բանավեճի հայաստանյան ներկայիս մշակույթի, կամ ավելի ճիշտ՝ չմշակույթի արտահանմամբ Արցախ։ Մի խոսքով՝ երկսայրի սուր է սա։ Այնպես որ՝ մարտահրավերներն ավելի շատ են, քան հնարավորությունները։

Ասածս այն չէ, թե այս թեման պետք է այսօր իսպառ փակել։ Ոչ, անելիք ամեն դեպքում կա, բայց այս անելիքը ցանկության դեպքում հնարավոր է առանց հանձնաժողովի էլ։ Այսպես, ժամանակ առ ժամանակ հանրության ուշադրությանն են ներկայացվում զանազան հրապարակումներ, որոնք կարելի է բնութագրել որպես հաղորդում հանցագործության մասին, որպես հանրային իրազեկում։ Պատկան մարմինները պարտավոր են սրանով զբաղվել՝ առանց խտրություն դնելու։ Եվ այսպես՝ դրվագ առ դրվագ, կհավաքվի այն փազլը, որը եթե ամբողջական էլ չլինի, ապա հետագայում բավականին կհեշտացնի անաչառ ուսումնասիրություններն ու հետաքննությունները։

Մեկնաբանել