Կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին առանց որևէ պայմանի․ Լավրով

Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ և այլ մակարդակներով շփումներում ազդակներ ենք ուղարկում ադրբեջանցի գործընկերներին և կոչ ենք անում նրանց ազատ արձակել բոլոր գերիներին առանց որևէ պայմանի․ օգոստոսի 31-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ռուսաստանցի նրա պաշտոնակից Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի հարցի։

«Եթե հստակ լինենք, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք էր գնում այն ռազմագերիների ազատ արձակման մասին, որոնք պահվում էին այն պահի դրությամբ։ Այսօր ադրբեջանցիները գերության մեջ են պահում հայ զինծառայողների խմբի նշանակալի մի մաս, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության ընդունումից հետո։

Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ և այլ մակարդակներում իր շփումներում․․․ այդ ազդակները ուղարկում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել բոլորին առանց որևէ պայմանի, քանի որ դա կլիներ վստահության խորհրդանշական միջոց և կարևոր մարդասիրական քայլ»,- հայտարարեց Լավրովը՝ հավելելով, որ վերջնական որոշումը իրենցից չէ կախված։

Նա նկատեց, որ վստահության ցանկացած միջոց, ինչպես օրինակ, Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, ոջունելի է Մոսկվայի համար։ Լավրովը կարևորեց միմյանց ընդառաջ կատարվող քայլերը, որոնք կարող են նպաստել վստահության հաստատմանը։

Ասուլիսի սկզբում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդրին, մանրամասն դիտարկվել է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

«Պայմանավորվել ենք ուշադրությունը չթուլացնել Երևանի և Բաքվի միջև գրգռիչ գործոնների վերացման հարցերից, ներառյալ՝ հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը»,- ասաց Լավրովը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպմանը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը։

Մեկնաբանել