Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ որևէ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն «խաղաղության պայմանագրի» շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արձանգրված սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրում» պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

«Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չեն վարվում»,- հայտնեց Արարատ Միրզոյանը: