Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանն իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Արման Աբրահամյանը։

«Սիրելի՛ էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։

Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։

Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։ Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,- գրել է Աբրահամյանը։

Արման Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հոկտեմբերի 23-ից։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Արման Աբրահամյանը Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի որդին է։

Մեկնաբանել