Դատարանը վարույթ է ընդունել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ հայցը

«Սիվիլիթաս» հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը դիմել են վարչական դատարան՝ խնդրելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին պարտավորեցնել տրամադրել 2018-ից ի վեր Հայաստանի մետաղական հանքերում իրականացված ստուգումների արդյունքում կազմված ստուգման ակտերը։ Օգոստոսի 30-ին հայցը վարույթ է ընդունվել և առաջիկայում կնշանակվի դատաքննության օր։

Տևական ժամանակ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ՍիվիլՆեթը (Սիվիլիթաս հիմնադրամի մեդիա ստորաբաժանումը) խնդրել էր տրամադրել մետաղական հանքերում իրականացված ստուգումների արդյունքում կազմած ստուգման ակտերը։ Այս ակտերում են ամփոփված ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները, դրանց բնույթը, համապատասխանությունը ընդերքի օգտագործման պայմանագրերին և այլն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որ նախկինում հրապարակում կամ տրամադրում էր լրատվամիջոցներին ստուգման ակտերը, այժմ հրաժարվում է դա կատարել՝ խորհուրդ տալով ստուգումների մասին տեղեկություններին ծանոթանալ իրենց հրապարակած հաշվետվություններում։ Այդ հաշվետվությունները, սակայն, սահմանափակ տեղեկություններ են պարունակում ընդերքօգտագործողների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների, թերությունները վերացնելու համար դրանց տրված հանձնարարականների, վարչական իրավախախտման քննությամբ կայացված որոշումների մասին։ Որոշ տվյալներ տեսչական մարմինը հրաժարվել է տրամադրել՝ համարելով դրանք առևտրային գաղտնիք։

Տեսչական մարմնի կողմից ստուգումների շրջանակում ձեռնարկված քայլերի մասին տեղեկություններ ևս չեն տրամադրվել՝ թեև տեղեկատվության տրամադրման մերժման հիմքեր չեն նշվել։

Առաջիկայում այս գործով կնշանակվի դատաքննության օր։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել