Գազով աշխատող մեքենաները պետք է անցնեն պարտադիր վկայագրում և ստուգումներ. կառավարության առաջարկը

Կառավարությունը ցանկանում է «գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնել»։ Այդ նպատակով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օրենսդրական փոփոխությունը։

«Առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները»,- նշվում է նախագծում։

Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել նախկին իրավական կարգավորումներն ու ընդունել նորերը։

Նախագիծը սահմանում է, որ «ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից»:

Նշվում է, որ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` «լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»։

Նախատեսվում է նաև ձևավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները։

Նախագիծը օգոստոսի 31-ին է տեղադրվել կայքում, դեռ պետք է անցնի հանրային քննարկումներ, այնուհետև ընդունվի կառավարության կողմից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել