Ղարաբաղյան խնդրի կարգավորումը մեկ օրվա աշխատանք չէ. Լավրով

Ղարաբաղյան խնդի կարգավորումը մեկ օրվա աշխատանք չէ: Այս մասին սեպտեմբերի 1-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) տեղի ունեցած հանդպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում են անձամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, հայտնում է Սպուտնիկ գործակալությունը:

Լավրովը մատնանշել է Մոսկվայի վճռորոշ դերն անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման գործում:

«Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները կան, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից։ Դա մեկ օրվա աշխատանք չէ, և դրանով զբաղվում են անձամբ երեք երկրների առաջնորդները, ինչպես նաև մեր զինվորականները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը։ Դրանք գործում են լարվածության թուլացման և վստահության հաստատման ուղղությամբ»։

Լավրովն ասել է, որ ռուս սահմանապահները օգնում են նաև «դաշնակից Հայաստանին լուծելու իրենց հարցերն ադրբեջանցի հարևանների հետ»:

Ինչ վերաբերում է Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, ապա, Լավրովի խոսքով, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ընթանում է շատ վստահ:

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Երեկ հանդիպել եմ Հայաստանի նոր արտաքին գործերի նախարարի հետ, մենք լավ բանակցություններ ենք ունեցել: Երկկողմ առումով մենք ունենք շատ հարուստ օրակարգ՝ և՛ փոխայցելություններ, և՛ խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում։ Այս ամենը շատ ինտենսիվ և վստահ է ընթանում»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանել