Արցախի ԱԺ հատուկ նիստին մասնակցել է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը

Սեպտեմբերի 1-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին: Այս մասին հայտնում են Արցախի խորհրդարանից։

Նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

«Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը:

Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի: Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում»,- իր ելույթում ընդգծել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ: Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը»,- ասել է Արթուր Թովմասյանը։

Հանրապետության օրվա առիթով արցախցիներին շնորհավորել են Հայաստանից ժամանած հյուրերը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները:

Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության պահպանման միակ ձև: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր:

«Արցախի 30-ամյակը նշում ենք ծանր պատերազմից հետո, ժողովուրդը սգավոր է, հայրենիքի մի մասը՝ կորսված, ինչը, սակայն, չպիտի խամրեցնի օրվա խորհուրդը: Սա արցախցու կամքի 30-ամյակն է, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակը: Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ իրացվեց այդ իրավունքը»,- իր խոսքը եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների 30 տարի կայացրած որոշումն իմաստուն որակեց, այն համարելով Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը:

«Կարևոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վարիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք: Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,- ասել է Ռուստամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում․ «Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու»,- նշել է նա:

https://www.civilnet.am/news/631145/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%87-%d5%b9%d5%ab-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

Մեկնաբանել