Տաջիկստանում ինտերնետ-հատուկ ծառայություն են ստեղծել

Տաջիկստանի Կապի ծառայությանը կից ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվելու է ինտերնետում մեկնաբանությունների մոնիթորինգով։ Ինչպես հաղորդում է Central Asian News-ը, այս մասին հայտարարել է Կապի ծառայության պետ Բեգ Զուհուրովը։

Նա նշել է, որ մեկնաբանելով լուրերն ու հոդվածները ինտերնետում, օգտագործողները հաճախ «թույլ են տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ հանրապետությունում հայտնի անհատականությունների հասցեին, վիրավորում են ու զրպարտում»։ Խմբի նպատակն է լինելու հայտնաբերել այն մեկնաբանությունները, որոնք «նպատակաուղղված կերպով ցեխ են շպրտում արժանավոր մարդկանց վրա»։

Պաշտոնյան նաև հայտարարել է, որ վիրավորական մեկնաբանությունների հեղինակները փող են ստանում տաջիկ ժողովրդի թշնամիներից։ «Սա առանձին մարդկանց բիզնես է, որոնք հանուն փողի ծախում են հայրենիքը,- ասել է նա։ – Իրեն հարգող ամեն մի քաղաքացի պարտավոր է պայքարել այդպիսի մարդկանց դեմ»։

Կապի ծառայության պետը չի հստակեցրել, թե ինչ պատիժ է կիրառվելու՝ ընդդեմ վիրավորական մեկնաբանությունների հեղինակների։

Տաջիկստանում զրպարտանքի ու վիրավորանքի համար պաշտոնապես նախատեսված է պատիժ տուգանքի տեսքով (նախկինում դրանք որակվում էին՝ որպես քրեական հանցագործություն, սակայն վերջերս տեղափոխվել են վարչական խախտումների կատեգորիա)։

Այս կամ այն կայքում արված վիրավորական մեկնաբանությունը կարող է նաև հիմք ծառայել այդ ռեսուրսի արգելափակման համար։ Այսպիսով, հունիսին Կապի ծառայությունն արգելափակել էր «Ասիա-պլյուս» կայքը ընթերցողներից մեկի թողած մեկնաբանության պատճառով։ Այն բանից հետո, երբ գրառումը հանվել էր, կայքը ապաարգելափակել էին։ Ավելի վաղ՝ մարտի սկզբին, Տաջիկստանում արգելափակվել էր Facebook-ի մատչումը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ինտերնետում հոդված էր տեղադրվել հանրապետությունում «հեղափոխության» հնարավորության մասին, իսկ սոցիալական ցանցի օգտագործողները սկսել էին այն քննարկել։

Մեկնաբանել