Սահմանադրական բարեփոխումների առանցքում կառավարման ձևի փոփոխությունն է և Գերագույն դատարանի ստեղծումը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, խորհրդի անդամներին և պալատի այլ ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։

«Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ, և ավելի խորը ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կհավաքագրի խնդրի վերաբերյալ փաստաբանական համայնքի կարծիքներն ու Պալատի միասնական դիրքորոշումը կներկայացնի Արդարադատության նախարարությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել