Արցախի անկախության 30-ամյակը․ ՀՀ ղեկավարների այցերը Ստեփանակերտ՝ ըստ տարիների

Հայկ Ղազարյան

1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ օրը Ստեփանակերտում կայացավ Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանի համատեղ նստաշրջանը, որտեղ ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Սեպտեմբերի 2-ի տարեդարձը տարբեր տարիների տարբեր պերճությամբ է նշվել:

2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք այլ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ ոտք չեն դրել Արցախ: Թեկուզ Փաշինյանը վարչապետության 2,5 տարվա ընթացքում Արցախ է այցելել 12 անգամ: Վերջին անգամ Արցախում նա եղել է պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 5-ին:

Տե՛ս՝ Ինչո՞ւ Փաշինյանը չի այցելում Արցախ, կառավարությունը չի պարզաբանում

ՍիվիլՆեթը անկախության սկզբնական փուլում ԼՂՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ Ազգային ժողովի և Կառավարության (այնուհետև՝ hանրապետական) «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի էջերում և համացանցում փնտրել է, թե սեպտեմբերի 2-ի տարեդարձերին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր են այցելել Արցախ:

Արցախի հանրապետական գրադարանի արխիվում բացակայում է 1992-ի «Ազատ Արցախի» սեպտեմբերյան համարը:

1993-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ հռչակման երկրորդ տարեդարձի առթիվ: Համանախագահությունում էին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գերագույն խորհրդի նախագահության անդամներ և պաշտպանության բանակի ներկայացուցիչներ:

1994-ի սեպտեմբերի 7-ի համարում տարբեր շնորհավորանքներից զատ կարելի է առանձնացնել Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արաքցյանի ուղերձը Գերագույն խորհրդի նախագահության անունից:

1995-ի սեպտեմբերի 2-ի համարում ԼՂՀ կառավարությունը որոշում ընդունեց սեպտեմբերի 2-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին: Այդ համարում որևէ այլ ուշագրավ հրապարակում չկա:

1996-ի սեպտեմբերի 3-ի համարում կարդում ենք, որ ԼՂՀ հռչակման հնգամյակին Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանը, և Սահմանադրական դատարանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: Այդ օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը շնորհավորեց Արցախի իր պաշտոնակից Արթուր Թովմասյանին:

1997-ի սեպտեմբերյան համարը ավելի շատ նվիրված էր սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, որում հաղթել էր Արկադի Ղուկասյանը: Այդ օրերին Արցախը ավելի շատ նախագահական ընտրություններով էր զբաղված:

1998-ին Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը: Նա այդ օրը այցելել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան և այլ ձեռնարկություններ: Բայց այդ օրը ավելի շատ աչքի է ընկնում մեկ այլ իրադարձությամբ՝ ավտոմայրուղու, այսպես ասած, «կյանքի ճանապարհի» Գորիս-Շուշի հատվածի հանդիսավոր բացմամբ: Բացման նպատակով Արցախ էր ժամանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին դիմավորելու էին եկել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Ժիրայր Պողոսյանը, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

1999-ին թերթի համարում Հայաստանից որևէ պատվավոր հյուրի մասին խոսք չկա: 2000-ի սեպտեմբերի 2-ին Շուշիում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի արձանի և նրա անվամբ հրապարակի բացումը: Հայաստանի կառավարության պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ժապավենի հատման և արձանի բացման պատիվը տրվեց Արկադի Ղուկասյանին և Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: Բացմանը ներկա էր նաև հուշարձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: «Քանդակի գաղափարն ինձ հայտնել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Առաջարկն ընդունեցի սիրով»,- թերթի հետ զրույցում նշում է նա:

Արցախի անկախության 10-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ էր ժամանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարական պատվիրակության Ստեփանակերտ կատարած այցի վերջին օրը՝ սեպտեմբերի 3-ը, առավել քան հագեցած էր»,- գրում է պաշտոնաթերթը 2001-ի սեպտեմբերյան համարում: Երկրու երկրի կառավարությունները տնտեսական ողջ համակարգի ինտեգրման, արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն կապերի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրեցին: Փոխհամագործակցության համաձայնագիր ստորագրեցին նաև ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարներ Արարատ Մկրտչյանն ու Զոյա Լազարյանը: ԼՂՀ հռչակման 11-րդ տարեդարձին նույնպես ներկա էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2003-ին սեպտեմբերի 2-ին Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Մեր` ՀՀ և ԼՂՀ կառավարությունների խնդիրը պետք է լինի շահագրգռել արտասահմանյան ներդրողներին»,- ասել է Ղարաբաղի անկախության 12-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա բարձր գնահատական է տալիս ԼՂՀ տնտեսության վիճակին և զարգացման տեմպերին»։ Այդ մասին ժամանակին գրել է «Հետքը»:

«Հանրապետության օրը այս տարի ևս նշվեց շուքով»,- 2004-ին գրում էր «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը: Տոնակատարության առթիվ Ստեփանակերտ էր ժամանել պաշտոնական պատվիրակություն Հայաստանից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

2005-ի տոնակատարությանը նույնպես ներկա էր Ռոբերտ Քոչարյանը: «Ժամը 11-ին հուշահամալիր այցելեցին ԼՂՀ և ՀՀ կառավարական պատվիրակությունները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Պարգև արքիեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր»,- կարդում ենք «Ազատ Արցախ»-ի համարում:

2006-ին Ստեփանակերտ այցելած պատվիրակությունը գլխավորում էր Անդրանիկ Մարգարյանը: «Վստահ ենք, որ չնայած բոլոր փորձություններին՝ Արցախը լի է վճռականությամբ՝ պահպանելու և զարգացնելու անցած տարիների ձեռքբերումները»,- բարեմաղթում է նա («Ազատ Արցախ»):

2007-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ ՀՀ-ից պատվիրակները ժամանեցին Ստեփանակերտի հուշահամալիր: Տիգրան Թովմասյանը և Արկադի Ղուկասյանը սեպտեմբերի 2-ին մասնակցեցին Արցախի Ազգային ժողովի նորակառույց շենքի բացմանը:

2008-ին սեպտեմբերի 2-ին ժամը 11-ին Ստեփանակերտի հուշահամալիր այցելեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը:

2009-ին սեպտեմբերի 3-ին Բակո Սահակյանը առանձազրույց ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը ժամանել էր Արցախի անկախության 18-րդ տարեդարձին: Սեպտեմբերի 2-ին նապագահները մասնակցեցին նաև Ստեփանակերտի զինվորական հոպիտալի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

2010-ի սեպտեմբերի 2-ին Արցախ ժամանեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ մասնակցեց Ստեփանակերտի 11-րդ դպրոցի նորակառույց շենքի բացմանը:

Արցախի հռչակման 20-րդ տարեդարձին Հայաստանից ժամանած պատվիրակության տոնակատարություններին մասնակցելու համար Ստեփանակերտ էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ օրը նա ծավալուն հարզացրույց տվեց Արցախի հանրային հեռուստատեսությանը, որը հրապարակվեց «Ազատ Արցախ» թերթում: Երբ լրագրողը Սարգսյանին հարցնում է 20-ամյա տարեգրության առանցքային դրվագի մասին, նա պատասխանում է, որ անշուշտ դա Շուշիի ազատագրումն է. «Շուշին իր ողջ պատմությամբ, եղել է, կա և լինելու է Արցախի ամենակարևոր խորհրդանիշը: Այն եղել է Կովկասի կարևորագույն քաղաքներից մեկը, հայկական ամենակարևոր օջախներից մեկը»:

2012-ի սեպտեմբերի 2-ի առթիվ Արցախ է այցելում Հայաստանի պատվիրակությունը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունում է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:

2013-ի սեպտեմբերի 2-ին Արցախում հյուր էր Սերժ Սարգսյանը: Տոնակատարության նախօրյակին Սերժ Սարգսյանը ու Բակո Սահակյանը մասնակցեցին Մարտակերտի Չափար գյուղի դպրոցի հանդիսավոր բացմանը: Իսկ Օգոտսոսի 31-ին ծանոթացան Մարտունու Թաղավարդ գյուղի ձեթի գործարանի աշխատանքներին: Սեպտեմբերի 3-ին Բակո Սահակյանը ընդունեց նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

2014-ին Արցախի հռչակման օրը Արցախում «Թումո» բացվեց: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները լուսաբանել է նաև ՍիվիլՆեթը: Իստ սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացավ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը:

2015-ին տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում էր Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

ԼՂՀ հռչակման 25-ամյակի կապակցությամբ Արցախի ղեկավար Բակո Սահակյանի կազմակերպած ճաշկերույթին ներկա էին ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք հանրապետությունների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի պատվիրակությունների ղեկավարները:

Նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցեց Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելեց Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: Երեկոյան նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցեց տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա եղավ անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին:

2018-ի սեպտեմբերի 2-ին Արցախում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այդ օրը նա այցելեց Ստեփանակերտի հուշահամալիր։ Նախագահները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:

2019-ի սեպտեմբերի 2-ին Արցախում հանրապետության հռչակման 28-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

2020-ի սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատվիրակությունը դարձյալ ղեկավարում էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

2021-ի սեպտեմբերի 2-ին Արցախը նշում է հանրապետության հռչակման 30-ամյակը: Կժամանի՞ արդյոք Ստեփանակերտ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԼՂՀ հռչակման 10-րդ և 20-րդ տարեդարձերի տոնական միջոցառումներին մասնակցելու համար Արցախ էին ժամանել ամենաբարձր՝ նախագահների մակարդակով պատվիրակությունները: Սսկսած 2000-ից Արցախ այցելած պատվիրակությունները եթե չեն գլխավորել երկրի ամենառաջին դեմքերը, ապա գլխավորել են կառավարության, բանակի կամ Ազգային ժողովի ղեկավարները:

Մեկնաբանել